Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի հովանավորությունը վայելող «Շնորհալի» երկսեռ երգչախումբը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության երգչախումբն այսօր համերգով հանդես կգա Բեյրութի Ս. Ժոզեֆ (Saint Jozeph) համալսարանի «Պիեռ Աբու Խաթեր» սրահում: Շուրջ մեկ տարվա աշխատանքից հետո 45 հոգանոց երգչախումբը պատրաստվում է լիբանանահայ երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ երաժշտության գանձերից մեկի՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ» օպերաներից հատվածներ՝ Գարեգին Վրդ. Շխրդմյանի խմբավարությամբ։
«Այս համերգով «Շնորհալի» երգչախումբը հայ մշակոյթի պահպանման գործին մէջ իր պատրաստակամութիւնը անգամ մը եւս կը յայտնէ, անոր հանդէպ իր ունեցած խորաթափանց սիրոյն ու ակնածանքին կողքին։Գիտակցելով այն իրականութեան, թէ հայ մշակոյթը շունչն ու հոգին է մեր ազգին, «Շնորհալի» երգչախումբը ամէն առիթ պիտի օգտագործէ հայու պայծառ վիճակ արթնցնել իր ունկնդիրներուն հոգւոյն մէջ»,-Արեւելքի հետ զրույցում նշում է Գարեգին Վրդ. Շխրթմյանը:
Նշենք, որ երգչախումբը կազմավորվել է 1973 թ-ին՝ Զարեհ Վրդ. Ազնավուրյանի եւ Գեւորգ Գանտահարյանի ջանքերով՝ հայ եկեղեցու, գրականության եւ հոգեւոր երաժշտության նշանավոր դեմքերից մեկի՝ Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 800-ամյակի կապակցությամբ։ Երգչախմբի նպատակն է հանդիսավոր եւ տոնական օրերին կատարել սուրբ եւ անմահ պատարագի երգեցողությունը՝ առավել հանդիսավոր դարձնելու արարողությունը, ինչպես նաեւ հանդես գալ հրապարակային ելույթներով ու համերգներով՝ ներկայացնելով հայ երաժշտությունը: