ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը (նստավայրը՝ Մոսկվա): Մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
Նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ծնվել է Երևանում, սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1991-1992թթ. աշխատել է պատմության ուսուցիչ Երևանի թիվ 33 դպրոցում: 1992-1994թթ. եղել է Մոսկվայում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության գլխավոր մասնագետ: 1994-1995թթ. եղել է Մոսկվայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար: 1996-1997թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ԱՊՀ երկրների վարչությունում՝ որպես առաջին քարտուղար: Վ. Տողանյանը 1997-1998թթ. եղել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար, իսկ 1998-2000թթ՝ դեսպանության խորհրդական: 2001թ. մինչ օրս հանդիսանում է «Եվրասիական մեդիա խումբ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012թ. ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Սվերդլովսկի կինոստուդիա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ: 2012-2015թթ. եղել է «Բորիսոգլեբսկի օսլայի գործարան» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. օգոստոս եղել է «Կինոտեխնիկա» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2015թ. մայիս եղել է «ՍՈՅՈՒԶԿՆԻԳԱ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2013թ. ապրիլից մինչև 2016թ. մայիս հանդիսացել է «Թղթի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ: 2016թ. ապրիլից մինչ օրս «Ռուսական թերթեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Վ. Տողանյանը անդամակցում է Անկախ տնօրենների ասոցիացիային: