Տարեվերջ է, ամփոփումների շրջան: Քաղաքական գործիչները, պաշտոնյաները, բազմաթիվ հայրենական ու միջազգային կազմակերպություններ հրապարակում են իրենց աշխատանքների արդյունքները` հպարտորեն ի ցույց դնելով պատվոգրեր, շնորհակալագրեր, իրենց աշխատանքի համար տարվա վերջում ստացած հազար ու մի մեդալներ, կոչումներ, մանավանդ առավել հպարտ են մեկ ամբողջ տարվա համար «ամենա» ճանաչված գործիչները, կազմակերպությունները:
Քաղաքական գործիչներից ու ամբողջ տարին գլամուրային շքերթներում փայլած աստղերից ետ չեն մնում նաև հոգևորականները` «այսօր այցելեցինք այսինչ զորամաս», «երեկ այցելեցինք այնինչ կարիքավոր ընտանիքին» և նման հրապարակումներով:
Մինչդեռ, թվում է, թե մեր երկրում ապրող կարիքավորին օգնելը, նրա հոգսը փոքր ինչ թեթևացնելը ի սկզբանե հենց դրա համար հիմնված նախարարության, գերատեսչության, կազմակերպության կամ համապատասխան պաշտոնում նշանակված մարդու գործն է:
Կան մարդիկ, սակայն, ամբողջ տարին գործում են լուռ և չունեն իրենց գովազդելու` ի վերուստ տրված շնորհքը, իրենց արածը կապի բոլոր հնարավոր միջոցներով տարածելու միտումները:
Այդ մարդկանից է մեր կողքին ապրող մի երիտասարդ ու ժպտերես աղջիկ` Սոնա Մանուկյանը, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնի է Սոնա Ռոբերթս անունով:
Նրանք, ովքեր ծանոթ են ֆեյսբուքյան «Օգնենք կարիքավոր ընտանիքներին» խմբի գործունեությանը կամ պարզապես խմբի անդամ են, ամբողջ տարվա ընթացքում տեսել են Սոնայի և նրա շուրջ հավաքվածների կատարած աշխատանքը և անձամբ են գնահատել խմբի աշխատանքը:
Հիմնվելով 2013 թվականին` խումբը գտել է Հայաստանում ապրող հարյուրավոր կարիքավոր ընտանիքներ, մանկությունից զրկված երեխաներ, պետության ուշադրությունից դուրս մնացած խմբեր, հիվանդներ, ծերեր, անօգնականներ, հույսը կորցրած մայրեր, պարզապես օրվա հաց չունեցող մարդիկ և ամենօրյա հանգանակությունների միջոցով կանգնել է այդ ընտանիքների, երեխաների, մարդկանց կողքին` այցելելով նրանց և տանելով ուտելիք, հագուստ, սառնարան, գազօջախ, լվացքի մեքենա, երեխաներին` բազում խաղալիքներ, էլեկտրոնային իրեր: Հարյուրավոր հիվանդներ բժշկական օգնություն են ստացել հենց այս խմբի հավաքած գումարներով, նրանց համար գնվել են դեղեր, սայլակներ, հենակներ, կանգնակներ, ուտելիք, առաջին անհրաժեշտության իրեր: Սոցիալական ցանցում գործող այս խմբին հավատացել են անծանոթ մարդիկ և նվիրատվություններ են կատարել պարզ մի պատճառով` խումբը գործել է ազնվության սկզբունքներով` գրառելով, նկարելով, ի ցույց դնելով հավաքված ու տեղ հասցված օգնությունը: Նրանք զոհել են իրենց բոլոր կիրակի օրերը, ազատ ժամերը, կատարել են գնումներ, վարձել են մեքենաներ և տարվա ընթացքում բացառապես ամեն կիրակի օր այցելել են կարիքավոր ընտանիքների: Հարյուրավոր մարդիկ են ճանաչում Սոնային և նրա սրտակից թիմին: Ահա այսօր նրանք, բոլորի պես ամփոփում են տարին ոչ թե պատվոգրերով ու «ամենա» ճանաչված կոչումներով, այլ նշում են բոլոր այն վայրերը, ուր դեռ պիտի դեռ այցելեն տարվա վերջին օրերին և նվերներ պիտի բաժանեն կարիքավորներին: Հարյուրավոր երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին, իսկ այդ նամակներն անձամբ ստացել է «Օգնենք կարիքավոր ընտանիքներին խումբը»:
