Banks.am-ը զրուցել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանի հետ:
Կարեն Մկրտիչեան
Ծնվել եմ Գերմանիայում եւ մեծացել Լիբանանում: Այնուհետև տեղափոխվել եմ Կանադա՝ ուսանելու նպատակով, որտեղ էլ բնակվում էի մինչեւ վերջերս:
Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ, սովորել եմ նաեւ բիզնեսի կառավարման մագիստրատուրայում (MBA), որից հետո մասնագիտացել եմ ներդրումային եւ ֆինանսական ոլորտում՝ աշխատելով Կանադայի խոշոր ներդրումային բանկերից մեկի Mergers & Acquisitions խմբում:
Աշխատել եմ ներդրումային ֆոնդի փոխտնօրենի պաշտոնում, այնուհետ՝ ղեկավարել բորսայում ցուցակված օդատիեզերական ընկերություն: Վերջինս ամերիկյան ընկերությանը վաճառելուց եւ ինտեգրացիոն գործընթացն ավարտելուց հետո որոշեցի վերադառնալ Հայաստան, չնայած որ այդ պահին աշխատանքի հստակ առաջարկներ չկային:
Մոտ մեկ տարի է, ինչ ընտանիքով բնակվում եմ հայրենիքում: Մինչ հիմնադրամի տնօրեն դառնալս աշխատել եմ Ինեկոբանկում՝ որպես ֆինանսական տնօրեն: Շատ լավ թիմ էր՝ հետաքրքիր տեսլականով եւ ծրագրերով:
Մի քանի ամիս առաջ ստացա առաջարկ՝ ստանձնելու Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավարի պաշտոնը: Ինձ համար հեշտ չէր կայացնել այս որոշումը, Ինեկոբանկին դեռ նոր էի միացել, հետաքրքիր պաշտոն էի զբաղեցնում բանկային համակարգում, այդուհանդերձ, որոշեցի ստանձնել հիմնադրամի ղեկավարի պաշտոնը, որովհետեւ տեսա հնարավորություն՝ օգտագործելու իմ փորձառությունը՝ ի նպաստ երկրի զարգացման:
Մասնագիտացած լինելով ներդրումային միջավայրում, կարծում եմ՝ հաջողությամբ կիրականացնեմ հիմնադրամում իմ գործը, իսկ կառավարման ոլորտում ունեցած իմ փորձն օգտակար կլինի անձնակազմին արդյունավետ ուղղորդելու հարցում:
Հարցազրույցը՝ Banks.am-ում