Ստամբուլ այցելող շատերն են նկատում հայկական գրությունները՝ Քուրթուլուշի և մերձակայքի շենքերի պատերին: Մեր տվյալներով՝ այդ գրություններն արդեն մեկ տարուց ավելի է՝ շենքերի պատերին են, սակայն ոստիկանությունը դրանք մաքրելու ոչ մի քայլ չի ձեռնարկում: Տեղացի ոչ հայերն անտարբեր անցնում են, տեղաբնակ հայերը չտեսնելու են տալիս, իսկ ահա, Հայաստանից կամ այլ վայրերից այցելած հայերը ժպտալով ու հետաքրքրությամբ կանգնում են այդ գրություններով շենքերի առջև, լուսանկարում: Դրանք հայտնի երգերից տողեր են, շնորհավորանքներ կամ պարզապես քաղաքական իմաստ պարունակող արտահայտություններ: Ինչպես տեղեկացանք Պոլսում, այդ գրությունների հեղինակը երիտասարդ արվեստագետ է, որ ուշ ժամերի կատարում է իր գործը և արագ հեռանում: Նույն գրությունները կարելի է տեսնել մի քանի շենքերի վրա, ինչպես նաև՝ Բեյօղլու շրջանում:

«Բարի լույս, տիկին Արուս»-ը թերևս նույն ձեռագրով կատարված ամենաշատ գրառումն է, որ կարելի է տեսնել Քուրթուլուշ պողոտայի շենքերին: Մեկ այլ սիրված երգի՝ Մանվել Մենենգիչյանի «Սիլվա» հայտնի երգից «Սիլվա, ինչու գացիր» տողը նույնպես հայտնվել է թուրքական շենքերի պատերին:

Իսկ ահա՝ հայերենով «Ուր էիր Աստված», «Մեր տունը ուր է» արտահայտությունները, ինչպես նաև՝ «Սևան Նշանյան» եւ «Պիտի չմոռնանք Սևակ» գրությունները քաղաքական ենթատեքստ ունեն: «Սևան Նշանյան» գրությունը տեղադրված է վանդակների մեջ, ի հիշեցում թուրքական բանտում գտնվող հայ քաղբանտարկյալ, մտավորական, գրող Սևան Նշանյանի դեմ կատարված անարդարության, իսկ «Սևակ, քեզ պիտի չմոռնանք»-ը վերաբերվում է թուրքական բանակում սպանված հայ զինվոր Սևակ Բալըքչիին:





Լուսանկարները՝ «Արևելքի»