Հայաստանում է ամերիկաբնակ գործարար, աշխարհահռչակ «Հագուստ Սիլվիայից» (Silvia’s Costumes) հագուստների պատրաստման սրահի հիմնադիր-տնօրեն, բարերար Սիլվա Չաքմաքչյանը: Սփյուռքի նախարարության կայքից տեղեկանում ենք, որ նրան ընդունել է նախարար Հրանուշ Հակոբյանը, ով բարձր է գնահատել վերջին տարիներին հայ գործարարուհու օժանդակությունը սիրիահայերին եւ նախորդ տարիներին նրա մասնակցությունը` այլ բարեգործական ծրագրերի:
Սիլվա Չաքմաքչյանը լիբանանյան ծագումով հայաստանցի է: 1967 թվականին ընտանիքի հետ գաղթել է ԱՄՆ, ուր փայլել է դերձակի, դիզայների եւ գործարարի նրա աստղը:
Հոլիվուդում գործող նրա հագուստի սրահում հագուստներ են պատվիրել Շերը, Դայանա Ռոսը, Դոլլի Փարթոնը, Ջենիֆեր Լոպեսը, Մայքլ եւ Ջանեթ Ջեքսոնները, Ռիհաննան, այլ աստղեր։ Նրա սրահում են կարվում նաեւ հոլիվուդյան մի քանի շոուների հագուստները: Silvia’s Costumes-ը ձեւավորում է նաեւ ֆիլմերի հագուստներ: Հայ ձեռնարկատիրուհին սովորություն ունի իր արտադրամասում նախապատվությունը տալ հայ դերձակներին եւ դիզայներներին: