image
Հրատապ լուրեր:

Հարյուրավոր մարդիկ են այցելում Բոդլեյան գրադարանի հայկական ցուցահանդես. աշխատակից

Հարյուրավոր մարդիկ են այցելում Բոդլեյան գրադարանի հայկական ցուցահանդես. աշխատակից

Եւրոպայի հնագույն գրադարաններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանում գործում է հայկական հազվագյուտ ձեռագրերի, տպագիր գրականության, հայ մշակույթի գանձերի  ցուցահանդես, որը կազմում է Բոդլեյան գրադարանի հարուստ հավաքածուի մի մասը: Բոդլեյան նշանավոր գրադարանն առաջին անգամ է ցուցադրության հանել հայկական հավաքածուն, որի ամենահին ձեռագիրը թվագրվում  է 1635 թվականին:   Ցուցահանդեսը կրում է «Հայաստան. հարակայուն մշակույթի ձեռագրերը»  և նվիրված է հայ ժողովրդի 2500-ամյա պատմությանն ու մշակույթին: Ինչպես «Արևելքին» հայտնեցին ST Lee ցուցասրահի (որտեղ գործում է ցուցահանդեսը) տնօրինությունից, հայկական թեմայով ցուցահանդեսի նկատմամբ այցելուների հետաքրքրությունը շատ մեծ է: Ըստ ցուցասրահի աշխատակիցներից մեկի, քանի որ ցուցահանդեսի մուտքն անվճար է, դժվար է հստակ թվեր ասել, բայց օրական հարյուրավոր մարդիկ են այցելում դիտելու հազվագյուտ ցուցադրությունը: Հոկտեմբերի 23-ին բացված ցուցահանդեսը գործելու է մինչև փետրվարի 28-ը: Ձեռագրերի ու տպագիր գրքերի հետ միասին ցուցադրվում են նաև կենցաղային իրեր, հայկական ասեղնագործության նմուշներ, բաժակներ, նկարազարդումներ:

Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը նշված ցուցահանդեսին մասնակցում է երեք բացառիկ ձեռագրերով: Հայաստանից Օքսֆորդ են բերվել երկու հնագույն Աստվածաշունչ և մեկ Ավետարան:




Բոդլեյանը, որ Օքսֆորդ համալսարանի գիտահետազոտական գրադարանն է, համարվում է աշխարհի երկրորդ հնագույն գրադարանը. օքսֆորդականների շրջանում հայտնի է «Բոդ» անվանումով,  հիմնվել է 1602 թվականին, ունի հինգ գլխավոր մասնաշենք և բացառիկ ճարտարապետություն: