Սիրիայի Լաթակիա քաղաքում այսօր ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել: Անհայտ մարդիկ ռումբ են նետել քաղաքի «Սուրբ Անդրեաս» հույն ուղղափառ եկեղեցու բակ, որտեղ տեղի էր ունենում պատանեկան քերմես (կազմակերպված խաղային ծրագիր): Լաթակիայից ստացված տեղեկություններով քերմեսին մասնակցող երկու քրիստոնյա պատանի է զոհվել, կան տասնյակ վիրավորներ, այդ թվում` երկու հայ երեխա:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լաթակիայում Սիրիայի պատերազմի պատճառով երկրի վտանգավոր շրջաններից բազմաթիվ բնակիչներ են ապաստան գտել` քաղաքը համարելով առավել ապահով: Այժմ Լաթակիան համարվում է Սիրիայի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը, որտեղ ներկայիս ավելի շատ բնակչություն կա, քան` պատերազմից առաջ: «Արեւելքի» տեղեկություններով, մինչև պատերազմը քաղաքում ապրում էր 450 հայ ընտանիք, այսօր նրանց թիվը 900 է: