hraparak.am-ը տպագրել է ՀՀ եւ Ֆրանսիայի քաղաքացի Սեւակ Արայի Արզարունիի բաց նամակը, որը հասցեագրված է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին:
Նամակում ասվում է.
«Մեծարգո պարոնայք, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված 20.03.2015 թվականի թիվ 2711/02/10 կատարողական թերթի համաձայն ՀՀ ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ՝ պատասխանող Նարեգ և Սարո Հարթունյանններից իմ օգտին 998.047.220 ՀՀ դրամ և Հայաստանի Հանրապետության օգտին 29.891.417 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:
Վերոնշյալ կատարողական վարույթի շրջանակներում կատարվել են համալիր գործողություններ՝ գնահատվել է գույքը, կատարվել են բազմաթիվ այլ գործողություններ, սակայն հարկադիր կատարման ծառայությունը առ այսօր հրապարակային սակարկությունների չի հանում պարտապաններ Հարթունյանների անշարժ և շարժական գույքը՝ հիմնավորելով ԴԱՀԿ մասին օրենքի այն հոդվածով, ըստ որի՝ աճուրդ կայացնելու համար անհրաժեշտ է պարտապանին անձամբ ծանուցելու մասին համապատասխան փաստաթղթի առկայությունը: Նույն վարույթի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը 29.05.2015թ. և 10.08.2015թ. որոշումներով հետախուզում է հայտարարել պարտապաններ Հարթունյանների նկատմամբ և մեզ է ներկայացրել հետախուզում հայտարարելու մասին որոշումների պատճենները:
Իմ փաստաբանները դատական կարգով արդեն իսկ բողոքարկում են ԴԱՀԿ ծառայության անգործությունը: Այս պահին Նարեգ Հարթունյանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝ հատել է մեր սահմանը «Զվարթնոց» օդանավակայնում, ազատ տեղաշարժվում է Հայաստանում, և ԴԱՀԿ ծառայությունը այդ մասին տեղեկացվում է մեր միջոցով: Ցավով պետք է արձանագրեմ, որ փաստացի ԴԱՀԿ ծառայության հետախուզում հայտարարելու որոշումը կրում է դեկլարատիվ բնույթ, և այլ իրավապահ համակարգերը ուղղակի արհամարհում են նրա պահանջները՝ խախտելով իմ և մեր երկրի օրինական իրավունքը:
Մեծարգո պարոնայք, գիտակցելով այն մեծ զբաղվածությունը, որ Դուք ունեք, ապավինում եմ Ձեր բարձր աջակցությունը իմ իրավունքների պաշտպանության հարցում և համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության օրինական ուժի մեջ մտած վճռին չենթարկվող մարդը և դրան իրենց անգործությամբ կամ գործողություններով աջակցող պաշտոնյաները խախտում են ոչ միայն իմ իրավունքները, այլ նաև սասանում են Հայատանի Հանրապետության դատական համակարգի և իրավապահ համակարգերի նկատմամբ վստահությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Խախտվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իմ դատական արդյունավետ պաշտպանության իրավունքը: Փաստացի Հարութունյանները արհամարհական վերաբերմունք են ցույց տալիս նաև ՀՀ պետական բյուջեի նկատմամբ՝ չկատարելով վճռում բյուջեի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունները»: