Ավելի քան երկու տասնամյակ Հյուսիս-Ատլանտյան դաշինքը ձգտում է Ռուսաստանի հետ գործընկերության, սակայն, ինչպես դաշինքի կայքում եւ մի շարք արեւմտյան ԶԼՄ-ներում են նշում, ռուսների բարձրագոչ ռազմական ձեռնարկները ստիպում են, որպեսզի դաշինքն էլ համարժեք կերպով արձագանքի այս գործողություններին: «Պուտինը կոպիտ կերպով խաղաց ռուսական նացիոնալիզմի եւ ռազմական գոռազամտության վրա Ղրիմում, Ուկրաինայի արեւելքում եւ այժմ էլ նույնն անում է Սիրիայում»,- գրում է The Times-ը եւ արձանագրում, որ ԱՄՆ հաջորդ նախագահն ու ՆԱՏՕ-ն պետք է կարողանան ռազմական մրցավազքի նշաձողն այնքան բարձրացնել, որ Մոսկվան չկարողանա դրան հասնել: Ոչ պակաս անհանգստությամբ է իրավիճակին անդրադարձել նաեւ The Wall Street Journal-ը, իր հոդվածներից մեկում գրելով, որ ռուսական վերջին աղմկոտ եւ հավակնոտ ռազմական ցուցադրությունները նպատակ ունեն ռուսական ռազմական նոր հնարավորությունների մասին հայտարարել եւ ասել, որ կարող են մի շարք ռեգիոններում գործել միաժամանակյա կերպով: Հոդվածագիրը որոշակի կերպով կասկած է հայտնում, թե ռուսական «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր ռազմանավը վճառական նշանակություն կունենա Սիրիայում հակամարտության ընթացքի վրա, սակայն վերջինիս տեղաշարժերը իրապես լուրջ միջազգային ուշադրություն է սեւեռել իր վրա: «Ռուսաստանը իր ուժերը կենտրոնացնում է Սիրիայում, զուգահեռաբար ավելացնելով նաեւ իր սպառազինությունները մոլորակի տարբեր ռեգիոններում, ներառյալ նաեւ նոր նավեր մտցնելով Բալթիկ ծով եւ Ղրիմում հրթիռներ տեղակայելով, որոնք ի զորու են միջուկային մարտագլխիկներ կրելու»,- ասվում է հոդվածում: «Իր հերքին ՆԱՏՕ-ն հետ չի մնում եւ ավելացնում է իր ուժերը ե'ւ Բալթիկ ծովում ե'ւ Սեւ ծովում, ընդ որում, դաշնակիցները խոստացել են ընդհանուր ջանքերը ավելացնել: Մասնավորպաես Բալթիկա կուղարկվեն գերմանական եւ բրիտանական տանկեր: Եվ չնայած խոսակցությունները` երկխոսության պատրաստակամության մասին հնչում են մշտապես, սակայն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն փորձում է Ռուսաստանի ռազմա-քաղաքական կոմպլեքս զսպման ռազմավարություն կյանքի կոչել»,- գրում է ամերիկյան հեղինակավոր պարբերականը` մեջբերելով ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի ռուսական կողմի ներկայացուցիչ Ալեքանդր Գրուշկոյի հայտարարությունն այս առնչությամբ: The Guardian-ն էլ գրում է, որ Սառը պատերազմի տարիներից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ն սկսել է նման մասշտաբային զորքերի եւ սպառազինությունների կուտակում ռուսական սահմանների մոտ: Պարբերականի մեկնաբան Լյուկ Գարդինգը նշում է, որ հաջորդ տարի նախատեսվում է, որ Մեծ Բրիտանիան իր ռազմական կործանիչները ուղարկի Ռումինիա, իսկ ԱՄՆ-ը հրետանային ուժեր տեղակայի Լեհաստանում: Որոշ ռազմական տեղաշարժեր դաշինքի դրոշի ներքո կիրականացնեն նաեւ Գերմանիան եւ Կանադան: Մասնավորապես գերմանական զորախմբի մասին գրել է նաեւ Sueddeutsche Zeitung-ը կանխատեսելով, որ այն կսրի Մոսկվա-Բեռլին հարաբերությունները, իսկ բրիտանական պարբերականը շարունակել է ներկայացնելով ինչպես քարոզչական հնարքների, այնպես էլ իրական եւ ոչ իրական վտանգների մասին, որոնք առկա են այսօր երկու կողմերի առճակատման համատեքստում, նշելով որ իրական վտանգները ոչ այնքան ուղիղ առճակատումներն են կամ Սառը պատերազմի մթնոլորտը, այլ անուղղակի առճակատումը: Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վատթարացման մասին հրապարակում ունի նաեւ գերմանական Die Welt պարբերականը` անդրադառնալով առճակատման գաղափարական կամ քարոզչական ասպեկտներին եւ միֆերին, ինչպիսիք են, օրինակ ՆԱՏՕ-ի առաքելությունն ավարտվե՞լ է արդյոք Սառը պատերազմի ավարտից հետո, կամ արդյոք ՆԱՏՕ-ն փորձո՞ւմ է շրջափակել Ռուսաստանը, կամ որքանո՞վ են պահպանվում կամ խախտվում ունեցած համաձայնագրերն ու պայմանագրերը, եւ թե արդյոք հնարավո՞ր է պատերազմ երկուսի միջեւ, թե՞ ոչ եւ այլն:
Արման Գրիգորյան/«Արևելքին»