Իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը արժանացել է Հայոց պատմության եւ մշակույթի տարածմանը նպաստող ծագումով ոչ հայ մտավորականներին գնահատելու եւ խրախուսելու նպատակով 1986-ին հիմնված ՀԲԸՄ-ի «Կարպիս Փափազյան» մրցանակին:
Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով իսպանացու կյանքում իր հետքն է թողել ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) ծավալած գործունեությունը: 1980 թվականի դեկտեմբերի 29-ին Մադրիդի կենտրոնական «Իսպանիա» հրապարակի անկյունում գտնվող Գրան Վիա պողոտայում ռումբ պայթեց, ինչի հետևանքով ծանր վիրավորվեց Գուրիարանը, որից հետո սկսեց հետաքրքրվել հայոց հարցով և պայթյունի դրդապատճառներով: Տեղեկանալով 1915-ի ցեղասպանության մասին` իսպանացի մտավորականը դարձավ Հայ դատի ջերմեռանդ պաշտպաններից մեկը: Միջադեպից երկու տարի անց հրատարակեց «Ռումբը» (La Bomba) գիրքը, որը ներշնչել է Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Կետիկյանին՝ նկարահանելու Une histoire de fou («Մի խենթ պատմություն») ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին:
1915-ի դեպքերից մազապուրծ եղած հայերի ժառանգների հետ հանդիպելով` 2007-ին Գուրիարանը հրատարակել է նաև «Հայեր, մոռացված ցեղասպանություն» (Armenios, el genocidio olvidado) գիրքը:
աղբյուր`The Armenian Mirror-Spectator
