Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս: Ըստ մեր տվյալների լուսանկարներում պատկերված անձը Տեր Ղևոնդ քահանա ( Արարատ ) Գափոյանն է՝ Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի աշխատակից Լյուբա Բալյանը կայքի հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են: Նախնական տվյալներով առաջին լուսանկարում տափաստանային մկնաճուռակն է, իսկ մյուսում՝ մարգագետնային մկնաճուռակ:
Երկու տեսակներն էլ ընդգրկված են ՀՀ կարմիր գրքում, ինչպես նաև միջազգային IUCN Կարմիր ցուցակում: Մարգագետնային մկնաճուռակը Հայաստանում բնադրում է միայն ծայր հյուսիս-արևմուտքում, չուի ժամանակ հանդիպում է հանրապետության համարյա ամբողջ տարածքում: Հայկական պոպուլյացիայի հիմնական մասը բնադրում է «Արփի լիճ» ազգային պարկում: Նախնական գնահատմամբ՝ հանրապետությունում այն կազմում է 5-10 բնադրող զույգեր: Մանրամասները՝ Econews.am
