Յուլիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի երիտասարդաց միութեան «Ծառայութիւն Հայաստանին» եւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի երիտասարդաց միութեան «Առաքելութիւն դէպի Հայաստան» կամաւորական ծրագրերի մասնակիցներին` ուղեկցութեամբ խմբերի ղեկավարներ Արժանապատիւ Տ. Թադէոս քահանայ Բարսեղեանի (Մինեսոտայի Ս. Սահակ եկեղեցի) եւ Արժանապատիւ Տ. Գրիգոր քահանայ Զաքարեանի (Կալիֆորնիայի Ս. Կարապետ եկեղեցի):
Հանդիպման սկզբում քահանայ հայրերը Նորին Սրբութեանը ներկայացրեցին խմբերի` Հայաստան այցելութեան նպատակը եւ կամաւորական ծառայութեան ոլորտները, որից յետոյ երիտասարդներին իր օրհնութիւնն ու պատգամը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր ուրախութիւնը յայտնեց երիտասարդ հայորդիների Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` գոհունակութեամբ հաստատելով, որ Սփիւռքի հայոց թեմերի կողմից յաճախ կազմակերպուող այցելութիւնները Հայաստան իրենց անջնջելի հետք են թողնում երիտասարդների կեանքում` առիթ ընձեռելով նրանց զօրանալու իրենց ինքնութեամբ, ճանաչելու եւ հաղորդակցուելու հայրենիքի ազգային եւ հոգեւոր արժէքներին:
Գարեգին Բ Կաթողիկոսը պատգամեց հայորդիներին հպարտութեամբ կրել հայի անունը, հպարտութեան զգացումով վկայել այն արժէքների մասին, որոնք դարերի ընթացքում կերտուել են հայ ժողովրդի կողմից, եւ իրենց ինքնութեան բարձր գիտակցութեամբ իրագործել սեփական առաքելութիւնն ազգային կեանքում:
Նորին Սրբութիւնը ողջունեց երիտասարդների կողմից տարբեր հաստատութիւններից ներս իրականացուող կամաւորական աշխատանքը` կարեւոր նկատելով այն նախ իրենց քրիստոնէական նկարագրի ձեւաւորման համար: Վեհափառ Հայրապետը գնահատեց նաեւ նրանց ծառայանուիրումի եւ պատրաստակամութեան ոգին` յորդորելով, հաւատարիմ տէրունաւանդ պատուիրաններին, կեանքի ընթացքում մշտապէս իրենց կարողութիւններն ու հմտութիւնները ի սպաս դնել մարդասիրական ու բարեսիրական կամաւորական ծրագրերին:
Այնուհետեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 20-րդ դարի պատմութեանը` մասնաւորապէս խօսելով Հայոց Ցեղասպանութեան եւ Խորհրդային իշխանութեան տարիներին Եկեղեցու կրած կորուստների եւ յաղթահարած դժուարութիւնների մասին: Նորին Սրբութիւնը նաեւ ներկայացրեց Հայաստանի անկախացումից յետոյ Եկեղեցու կողմից իրականացուած լայնածաւալ գործունէութիւնը եւ ազգօգուտ ծրագրերը:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայ Եկեղեցու առաքելութեանը, Սփիւռքի երիտասարդութեանը Եկեղեցու եւ հայրենիքի շուրջ համախմբելու ուղիներին, ինչպէս նաեւ եկեղեցական կեանքին կանանց մասնակցութեանը:
Վերջում Նորին Սրբութիւնը հայորդիներին մաղթեց լինել ազգի արժանի զաւակներ եւ կարողանալ իրենց ազգանուէր ծառայութեամբ օգտակարութիւն բերել իրենց համայնքերին ու հայրենիքին:
Հանդիպումից յետոյ երիտասարդները Մայր Տաճարում մասնակցեցին Ս. Պատարագին: