image

ԱԱՀ-ը դադարեցրել է Անկարայի հետ երկխոսության գործընթացը. հայտարարություն

ԱԱՀ-ը դադարեցրել է Անկարայի հետ երկխոսության գործընթացը. հայտարարություն

Արևմտահայոց Ազգային Համագումարի (ԱԱՀ) Ազգային խորհուրդը, նկատի ունենալով Թուրքիայում բնակվող քուրդ, ալևի և այլ փոքրամասնությունների և կրոնական խմբերի նկատմամբ կիրառվող հալածանքներն ու վերջին ամիսներին սեփական խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող ռմբահարումները, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ ճչացող անօրինականությունները,

Նկատի ունենալով նաեւ,

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների արևելյան և արևմտյան սահմաններին ադրբեջանական բանակի զորամասերի կողմից սանձազերծվող հարձակումները, որոնք ուղեկցվում են խաղաղ հայ ազգաբնակչության հանդեպ իրականացվող անմարդկային ու վայրագ բռնություններով, դրանց նկատմամբ պաշտոնական Անկարայի մեղսակից ու հրահրիչ հայտարարությունները, ինչպես նաև՝

Նկատի ունենալով, որ թուրքական իշխանությունները անտեսել են 2015 թ. մարտի 27-28-ը Փարիզում կայացած Արևմտահայոց 4-րդ համագումարի հայտարարությունը՝ արևմտահայության իրավունքների վերականգնման ուղղությամբ համապարփակ բարեփոխումներ սկսելու վերաբերյալ,

եզրակացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի վարչակազմը ժողովրդավարության և խաղաղասիրության անվան տակ որդեգրել է պանթուրքիստական հանցագործ գործելաոճը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը՝ միջամտում է երրորդ պետության ներքին գործերին և նպատակ ունի Թուրքիայում վերականգնել ամբողջատիրական կարգեր:

 

Արդ՝

ԱԱՀ Ազգային Խորհուրդը հայտարարում է, որ 2015 մայիս ամսից դադարեցրել է արևմտահայության իրավունքների վերականգնման շրջանակներում Անկարայի իշխանությունների հետ երկխոսության գործընթացը:

Միաժամանակ Արևմտահայոց Ազգային Համագումարը ակտիվացրել է Թուրքիայի նկատմամբ միջազգային դատավարություն կազմակերպելու աշխատանքները և նախաձեռնել է սերտ համագործակցություն Փոքր Ասիայի բոլոր հալածյալ և տեղահանյալ ազգերի հետ համաթուրքական ազգայնամոլական գործընթացի դեմ միասնական ուժերով պայքարի ուղղությամբ: