image
Հրատապ լուրեր:

Համահայկական 9-րդ կրթական խորհրդաժողովը մասնակիցների թվով ամենամեծն էր և ամենաընդգրկունը

Համահայկական  9-րդ կրթական խորհրդաժողովը  մասնակիցների թվով ամենամեծն էր և ամենաընդգրկունը

Համահայկական կրթական առաջին առցանց խորհրդաժողովը, որը տեղի ունեցավ 2020թ. օգոստոսի 22-24-ը, կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) առցանց ուսուցման առաջատար հաստատության՝ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով, տեղեկանում ենք ՀԲԸՄ-ից: 

 

Նախորդ ութ խորհրդաժողովները տեղի էին ունեցել Հայաստանում երկու տարին մեկ անգամ՝ նպատակ ունենալով քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առջև ծառացած հիմնախնդիրները և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Համաշխարհային համավարակի պայմաններում, երբ գրեթե ամեն ինչ տեղափոխվեց առցանց տիրույթ, որոշում կայացվեց այս խորհրդաժողովը ևս անցկացնել առցանց, ինչը վերացրեց աշխարհագրական սահմանները և ապահովեց առավել ընդլայնված մասնակցություն: Միասնական և կազմակերպված աշխատանքների արդյունքում խորհրդաժողովի համաշխարհային լսարանն ընդգրկեց հայկական կրթական բնագավառի ավելի քան 1,300 ներկայացուցչի 36 երկրից՝ մանկավարժներ, կրթական հաստատությունների պատասխանատուներ, վարչական անձնակազմ, կրթության աջակիցներ: Թվով 9-րդ խորհրդաժողովը դարձավ իր պատմության մեջ մասնակիցների թվով ամենամեծը և ընդգրկվածության առումով ամենաբազմազանը:

Եռօրյա խորհրդաժողովը, որը կրում էր «Հայաստան-սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագիրը, համախմբեց հյուր-բանախոսների և խոսնակների կրթական տարբեր ոլորտներից:  Շուրջ 33 կրթության փորձագետներ ամբողջ աշխարհից կիսեցին իրենց աշխատանքային փորձը, ծրագրերն ու առաջարկները, իսկ հյուր-բանախոսները շարունակեցին այս թեման ամենօրյա «Հեռանկարային զրույցներ»-ում՝ ներկայացնելով իրենց տեսլականը, գործունեությունը, ինչպես նաև խնդիրները և հնարավոր լուծումները: Նրանցից յուրաքանչյուրն առաջատար դեր է զբաղեցնում իր երկրի համայնքային կյանքում և կրթության համակարգում, այդ թվում՝ Ազատուհի Սիմոնյանը (Արցախ), Ռազմիկ Փանոսյանը (Պորտուգալիա), Վերապատվելի Փոլ Հայդոստյանը (Լիբանան), Սեբուհ Ասլանյանը (ԱՄՆ), Արփի Մանուկյանը (Թուրքիա), Գայանե Թումբալյանը (Սիրիա), Սալբի Ղազարյանը (ԱՄՆ), Մարի Գյուլումյանը (ԱՄՆ), Արա Վասիլյանը (Լիբանան) և Տաթևիկ Այվազյանը (Մեծ Բրիտանիա):