image

Տիգրան Պասկևիչյան. Մեզ անսահման հնարավորություններ են պետք

Տիգրան Պասկևիչյան. Մեզ անսահման հնարավորություններ են պետք

Վերջին օրերի իրադարձությունների շուրջ «Արևելքի» հարցազրույցը՝ բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հետ

 

-Հայության և հատկապես Հայաստանի գլխավոր օրակարգը մինչև անցած կիրակի շարունակում էր մնալ  ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ծավալվող  խմորումները: Կիրակի օրը  «Սասնայ ծռեր»  խմբի արարքով մեր ողջ օրակարգը  տեղափոխվեց  ՊՊԾ գնդի  տարածք: Ի՞նչ էր տեղի ունեցածն իրականում:


-Իրականում օրակարգ չի փոխվել եւ առհասարակ՝ սկսած 1988-ից, Հայաստանի ներքաղաքական օրակարգը նույնն է՝ կազմված առանձին բառերից. «հաղթանակ», «պարտություն», «զիջում, փոխզիջում», «անզիջում» եւ այլն։ Խոսվում է ժողովրդավարության մասին, բայց ժողովրդավարությունը օրակարգում չէ։ Խոսվում է առաջընթացի ու բարեկեցության մասին, դրանք էլ օրակարգում չկան։ Խոսվում է հավասարության, ընտրելու հնարավորությունների մասին. ամեն ինչ խամրում է Ղարաբաղի հարցի ստվերի տակ։ Այսպես է նաեւ զինյալների դեպքում։ Տեսե՛ք, նրանց պահանջներում (Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատում, Սերժ Սարգսյանի հրաժարական) ոչ մի խոսք չկա Ղարաբաղի մասին, բայց հիմքում Ղարաբաղն է եւ միայն Ղարաբաղը։ Կարճ ասեմ՝ եթե չլիներ ապրիլյան քառօրյա պատերազմը, ամառվա այս տապին նման իրավիճակ չէինք ունենա։ Քառօրյա պատերազմը խթանիչ էր։


-Անցնող օրերին ոստիկանների պատանդառության խնդրից բացի կար նաև զինյալների անվտանգության ապահովումն ու իրավիճակը   խաղաղ ճանապարհով  հանգուցալուծելու հարցը: Ակնհայտ է, որ այս ամենի մեջ քաղաքական գործընթաց կա:  Ինչպե՞ս եք գնահատում քաղաքական հարթակի  վրա գրանցվող խմորումները:

 

-Ես քաղաքական գործընթաց չեմ տեսնում, կան ինքնահաստատման ջղաձիգ փորձեր։ Քաղաքական գործընթացները սովորաբար խարսխվում են քաղաքական գաղափարների եւ դավանանքի վրա։ Իսկ Խորենացի փողոցում քաղաքականությամբ զբաղվողները պարզապես օգտագործում են զինյալ խմբի ներուժը եւ նրանց հրավերով հավաքված ժողովրդին։ Զինյալներն իրենք էլ այդպես են գնահատում քաղաքականների վարքագիծը, բայց նաեւ չունեն իրենց արածին քաղաքական բովանդակություն հաղորդելու հնարավորություն։


-ՀՀ առաջին նախագահն   իր գնահատականներն է  տվել այս դեպքերի առնչությամբ: Նա ասել է նաև, որ վստահում է  Ժիրայր Սէֆիլյանի ողջախոհութեանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա   խոսքը  եւ ի՞նչ  կարող եք ասել  «Սասնա  ծռերի»  անդամների մասին, մանավանդ, որ մոտիկից   ճանաչել եք   Պավլիկ Մանուկյանին:


-Ժիրայր Սէֆիլյանին անձամբ չեմ ճանաչում, մոտ շփումներ չեմ ունեցել։ Առաջին նախագահն ասում է՝ վստահում եմ։ Խմբից ճանաչում եմ միայն Պավլիկ Մանուկյանին։ Պավլիկը ահաբեկիչ չէ, մարդասպան չէ՝ առավելեւս։ Ադրբեջանցի գերիների հետ վարվելու պատմություններ եմ լսել նրանից, որ վեհանձնության եւ ներողամտության բացառիկ նմուշներ են։ Այս առումով նրա ողջախոհությունը կասկածի տակ առնել չեմ կարող։ Վստահ եմ՝ մյուսներն էլ այդպես են։ Այլ հարց է քաղաքական ողջամտությունը։ Գնալ նման հզոր, տպավորիչ գործողության՝ հաշված չլինելով հաջորդ քայլերը, ահավոր բարդացնում է թե՛ իրենց, թե՛ հասարակության վիճակը։


-Բայց տղաները ժողովրդին կոչ արեցին հավաքվել, համախմբվել, պայքարել…


-Ժողովուրդը երեւակայական ռեսուրս է։ Այս ռեսուրսի հարցում նման քայլերի դիմողները միշտ էլ սխալվում են։ Ամենաթարմ օրինակը Թուրքիայի հեղաշրջման վերջին փորձն էր։ Նրանք էլ կոչ արեցին ժողովրդին դուրս գալ փողոց, չստացվեց։ Հակառակը՝ Էրդողանի կոչով մարդիկ դուրս եկան։ Ինչո՞ւ չի ստացվում, որովհետեւ ժողովուրդը գիտակցությունից բացի ունի նաեւ ենթագիտակցություն, ներքին ձայն, որը նրան միշտ զգուշացնում է քաոսից։ Զինյալ խմբի անդամներից մեկն իր հարցազրույցում ասել էր, թե պետք չէ առաջնորդել ժողովրդին, թե ժողովուրդն ինքը պետք է առաջնորդի։ Հետո այնուամենայնիվ տրվեց երեք մաքուր մարդու անուն, առանց իմանալու՝ այդ մարդիկ պատրա՞ստ են առաջնորդելու, ժողովուրդը նրանց ընդունո՞ւմ է, թե՝ ոչ, եթե առաջնորդեն, ո՞ւր կտանեն։ Բնավ չցանկանալով ստվերել նրանց արժեքը, պետք է ասեմ, որ ժողովուրդն առաջնորդներին ընդունում է հոգեկան կապի միջոցով, ոչ թե «վերեւից» կատարված նշանակմամբ։ Անգամ այս դեպքում կարող է սխալվել, բայց չգրված կանոնը դա է։


-Վախենո՞ւմ եք արյունահեղությունից, եւ  ի՞նչ մտավախություններ կան՝  վերջին դեպքերի հետ կապված:   


-Արյունահեղությունից կարող է չվախենալ միայն անզգամ մարդը։ Ես ոչ այնքան արյունահեղությունից եմ վախենում, որքան անիմաստ թափվող արյունից։ Սարդարապատում արյուն թափվեց, ունեցանք Հայաստան։ Ղարաբաղում արյուն թափվեց, ունեցանք ազատագրված Արցախ։ Հիմա, եթե արյուն թափվի, ի՞նչ պիտի ունենանք։ Առաջին օրերին գրեցի սրբապատկերների մասին։ Պիտի սրբապատկերներ ունենանք, որոնք արդյունքի բացակայության ուժով շատ արագ խամրելու են եւ գուցե, մեր նվաստությունն անդրադարձնելով՝ անընդհատ ցավ պատճառեն։ Ես սրբապատկերներ չեմ ընդունում, որովհետեւ Աստված արձանագրված պատկեր չունի, Աստված ընթացք է։ Արյունահեղությունից առավել՝ ես վախենում եմ ընթացքի կասեցումից։


-Ստեղծված իրավիճակից ինչպե՞ս կարելի է դուրս գալ:


-Սիրենք՝ չսիրենք, ընդունենք՝ չընդունենք պետության ղեկավարը Սերժ Սարգսյանն է։ Ընտրված է, ընտրված չէ (իմ կարծիքով՝ ընտրված չէ), նա է որոշելու գնալ արյունահեղության, թե՝ չգնալ։ Ուրիշ ոչ ոք այս գործընթացի վրա ազդելու ոչ մի լծակ չունի։ Այս ամենը նկատի առնելով՝ կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը պետք է հավաքի բոլոր քաղաքական, հասարակական, քաղաքացիական ակտիվ ուժերի ներկայացուցիչներին եւ հանդես գա հրապարակային ծրագրային ելույթով։ Ելույթում պետք է ճշմարիտ գնահատական տա իր պաշտոնավարման ընթացքում եղած բոլոր երեւույթներին, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակում։

Առաջինը՝ ընտրակեղծիքներ, հետընտրական զարգացումներ, բռնություններ, Մարտի 1-ի 10 զոհեր։

Երկրորդը՝ թալան, կոռուպցիա, անարդյունավետ կառավարում։

Երրորդը՝ դատարանների եւ իրավապահ / օրինապահ համակարգի սանձարձակության հասնող ամենաթողություն։

Չորրորդը՝ վախի մթնոլորտ, հովանավորչություն, կուսակցական թափոնի առաջ մղում՝ ի հաշիվ ազնիվ, բանիմաց, ծրագրեր եւ նախաձեռնողականություն ունեցող մարդկանց։

Այս ամենն ամփոփելով՝ նա պետք է խոսի Ղարաբաղի խնդրի մասին, տալով երաշխիքներ, որ հարցը լուծվելու է Արցախի ընտրյալ իշխանությունների մասնակցությամբ եւ աներկմիտ համաձայնությամբ։


-Նման ելույթներ եղել են, բայց արդյունք չի եղել։


-Համաձայն եմ, եղել են։ Նույնիսկ հնչել են այնպիսի խոսքեր, մտադրություններ, որոնց իրականացմամբ Հայաստանը պիտի փոխված լիներ։ Բայց կարեւոր է ձեւաչափը։ Ես նշեցի՝ հրավիրել քաղաքական, հասարակական եւ քաղաքացիական ակտիվ ուժերին։ Իսկ սա նշանակում է սկիզբ դնել մի երկխոսության, որի առաջին կետը պետք է լինի զենքը հանձնող զինյալներին կատարյալ անձեռնմխելիությամբ օժտելը։ Սերժ Սարգսյանը պետք է երաշխավորի, որ նրանց գլխից մի մազ անգամ չի պակասելու եւ առաջարկի հասարակության կողմից իր խոստումը վերահսկելու մեխանիզմներ կամ լսի եւ կիրառի ուրիշների առաջարկները։ Զինյալ ապստամբների արած-չարածը պետք է որոշի դատարանը՝ փաստաբանների եւ հասարակական պաշտպանների ակտիվ ընդգրկմամբ, դատավարության ուղիղ հեռարձակմամբ։

Երկրորդը՝ հաջորդ տարի կայանալիք ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու մեխանիզմի կիրառումն է։ Կարծեմ 4+4+4 ձեւաչափով իշխանությունը, ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունը մինչ այս դեպքերը հասնում էին հանգուցալուծման։

Սա իմ մոտեցումն է։ Եթե ուրիշներն այլ առաջարկներ ունեն, կարող են ավելացնել կամ ինչ-որ բան պակասեցնել։ Չեմ բացառում նաեւ հռչակագրի ստորագրումը, որը կարող է լինել Հայաստանի անկախության 25 տարվա ամփոփումն ու գալիք կարգի ամրագրումը։


-Իսկ եթե խոստանա եւ չկատարի՞…


-Եթե խոստանա եւ չկատարի, նորից կստանա այն, ինչ ունի այսօր։ Քանի դեռ կա Ղարաբաղի չլուծված խնդիր, միշտ էլ կհայտնվեն մահապարտներ եւ միշտ էլ կլինեն զենքով հարց լուծելու փորձեր։


-Արդյո՞ք «միայն զենքով կա հայի փրկություն»:


-Մենք փրկվելու խնդիր չունենք։ Մենք ունենք ապրելու խնդիր, սովորելու, աշխատելու, ստեղծագործելու, զարգանալու, աշխարհի հետ քայլելու խնդիր։ Զենքով կարելի է փրկվել, բայց նաեւ կարելի է կորցնել։ Վերջին հաշվով, զենքը գործիք է, որն, ինչքան էլ ահավոր, ունի սահմանափակ հնարավորություններ։ Մեզ անսահման հնարավորություններ են պետք։

 

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի