image

Տիգրան Պասկևիչյան. Բոլոր իշխանությունները կանգնել են նույն փոցխի վրա

Տիգրան Պասկևիչյան. Բոլոր իշխանությունները կանգնել են նույն փոցխի վրա

Ստամբուլի «Ժամանակ»  օրաթերթի հարցազրույցը՝ հրապարակախոս,  վավերագրող Տիգրան Պասկևիչյանի հետ.

 

 

-Համացանցում հրապարակված որոշ գրություններից տեղեկանում ենք, որ այնքան էլ գոհ չեք ներկա իշխանությունների ընդհանուր գործելաոճից, ի՞նչն է պատճառը:

 

-Ես միշտ դժգոհ եմ եղել «ներկա» իշխանությունների գործելաոճից, որովհետև բոլոր իշխանություններին պակասում է հանրության հետ հաղորդակցվելու, հանրությանը ներգրավելու ձիրքը, մարդու հետ հաշվի նստելու ունակությունը։ Բոլոր իշխանությունները, այդ թվում նաև՝ ինձ համար շատ հարգելի Հայոց համազգային շարժումը, կանգնել են նույն փոցխի վրա. «Դուք հանգիստ եղեք, մենք գիտենք ինչ ենք անում»։  Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես այս իշխանությունից դժգոհ եմ դանդաղկոտության և անվճռականության համար։

 

-Կա  տեսակետ, որ կորոնայի համաճարակի ավարտով  աշխարհը մտնելու է  նոր  փուլ, ու մի շարք երկրների  ղեկավարներ թանկ  են վճարելու իրենց  վարած   քաղաքականության և թույլ  տված սխալների համար: Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը  նրանցի՞ց է:   

 

-Կորոնա վարակն աշխարհում կենսափիլիսոփայություն է փոխելու։ Աղոթենք, որ Հայաստանի իշխանություններն էլ իրենց աշխարհայացքը փոխեն։  

 

-Այս  իշխանություններին քննադատողներից  շատերն այն կարծիքին են, որ  վարչապետ Փաշինյանի  գլխավորած իշխանության  համար կա մեկ  ու միակ   գերագույն խնդիր, այն է՝  հալածել նախկին  իշխանություններին և  թիրախ դարձնել երկու նախագահներին. կա՞ նման  բան։

 

-Քննադատողներից շատերը «հալածել» բայն անտեղի օգտագործելով՝ թյուր պատկեր են ստեղծում։ Բազմիցս ասել եմ, կրկնեմ՝ նախկին իշխանությունների որոշ ներկայացուցիչներ ոչ թե հալածվում, այլ պատասխանատվություն են կրում իրենց գործած հանցանքների համար։ Հալածանք կլիներ, եթե Հանրապետական կուսակցության բոլոր անդամները բանտերում լինեին։ Նրանք ազատության մեջ են և շարունակում են տնօրինել շատ լուրջ տնտեսական և մեդիա լծակներ։

 

-Երբ  Փաշինյանն ու իր գաղափարակիցներն իշխանության  հասան, կար կարծիք, որ   իշխանության շարքերում   մեծ թվով փորձ չունեցող անուններ կային: Այսօր ևս  նկատում ենք, որ  վարչապետն իր իշխանության երկրորդ  տարվան սեմին չկարողացավ լավ թիմ ձևավորել։ Առկա է վակուում, այդ վակուումը   գաղափարակա՞ն  է արդյո՞ք. թե՞  լավ կադրերն    արդենիսկ հիասթափված են  այս իշխանություններից։

 

-Միանգամից մի քանի տարողունակ հարց եք տալիս։ Պիտի փորձեմ առանձնացնել և մեկ առ մեկ պատասխանել։

ա) Քաղաքական ցանկացած ուժ երբ հեղափոխությամբ իշխանության է գալիս, իր շարքերում, պետական կառավարման մարմիններում և այլուր ի հայտ են գալիս մեծ թվով անփորձ մարդիկ։ Դա միանգամայն բնական է։ Այդպես էր նաև 1990-ականների սկզբին, երբ հասարակությունը հաճախ չէր ընկալում սովորականից տարբեր մարդկանց։  

բ) Վարչապետի ամենամեծ վրիպումը շրջապատ ձևավորելու հարցում ունեցած թեթևամտությունն է, որն, իհարկե, բխում է իր և քաղաքական իր թիմի ամբոխահաճ կեցվածքից։ Բայց Օսիպյանը, Վանեցյանն ու մյուսներն արդյունքն էին ոչ միայն քաղաքական թեթևամտության, այլև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պատահած կադրային երաշտի։

գ) Վարչապետը հրաժարվում է այլ ուժերի աջակցությունից, և այդ ցանկությունը հիմնականում բխում է միանձնյա ու մենիշխան լինելու նրա, մեղմ ասած՝ անհեռատես վարքից։

 

-Խնդիր է նաև իշխանափոխության հարցը. այն իմաստով, որ թարմ  և առողջ  քաղաքական ուժերի բացակայությունը պարզ քաղաքացուն դնում է  այլընտրանք չունենալու  առջև, և այդ  պատճառով էլ հասարակության մեծ տոկոսն իր մտքում  ասում է. «Ավելի լավ է Փաշինյանը մնա, քան  թե հները  վերադառնան»: Այս մասին ի՞նչ  եք մտածում:  

 

-Չեմ հավատում, թե նախկինները վերադառնալու որևէ հնարավորություն ունեն։ Նրանք հենց սկզբից սխալ կեցվածք որդեգրեցին՝ կարծելով, թե հեղափոխության արդյունքում ոչ թե պարտվել, այլ ձևափոխվել են։ Մեկեն ընդդիմություն դարձան՝ չհասցնելով, ավելի ճիշտ, չփորձելով վերաիմաստավորել պարտության պատճառները։ Երբ Սերժ Սարգսյանի ամենամերձավորը երկարաշունչ ու անհամ նամակ է գրում, ինքն էլ չի ենթադրում, որ նպաստում է այս իշխանության երկարակեցությանը, ես կասեի անգամ՝ հավերժացմանը։

 

-Երեսուն տարվա կենսագրություն ունեցող Հայաստանի պետության համար  խնդիր է շարունակում մնալ  պետությունն  իշխանությունից  զատորոշելը. այն  իմաստով, որ  ոչ մի  իշխանություն իշխանության գալուց հետո,  չկարողացավ  և հատկապես չուզեց շարունակել նախկին իշխանության առնվազն մի լավ ծրագիրը  կամ մոտեցումը։ Ո՞րն է   անընդհատ հինը  փնովելու, «սևացնելու» և նույնիսկ  լավ  կետերը, ծրագրերն անտեսելու  և «այրելու» այս մոտեցման իրական պատճառը. սա քաղաքական մոլուցքի  արդյունք է՞,  թե՞  ընդամենը սնապարծության  հետևանք։

 

-Կրթության խնդիր ունենք, որը չենք կարողանում լուծել։ Ամեն ինչ դրանից է։ Իշխանությունն ու պետությունը զանազանել չկարողանալն էլ քննադատ մտքի սղության հետևանք է։ Ոչ ոք իրեն հաշիվ չի տալիս, որ Խորհրդային Հայաստանի ընթացքի գրեթե կեսի չափ՝ արդեն երեսուն տարի, անկախ Հայաստան ունենք։ Հիմքերը շոշափելու փոխարեն պատերի գույնն ու դռան բռնակների ձևն են քննարկում։

Եթե այսօրվա իշխանությունն ասեր՝ ամուր հիմքերով անճոռնի տուն ունենք, կհավատայի, որ եկել են գործ անելու։ Բայց ասում են՝ մենք աննախադեպ ենք, մեզանից առաջ ոչինչ չի եղել, միաժամանակ, սակայն, հլու-հնազանդ ենթարկվում են նախորդների ստեղծած օրենքներին և ձախողումները բացատրում դրանց անկատարությամբ։ Եթե հեղափոխական եք, «Ինտերնացիոնալը» երգեք, այնտեղ ասվում է, չէ՞. «Այս հին աշխարհը կփորենք մենք / մինչև հիմքերը, և հետո / մեր նոր աշխարհը կշինենք մենք…» և այլն։ Բայց իրենք էլ գիտեն, որ դրա կարիքը չկա։