image

Լուսահոգի Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան տարեդարձի առիթով

Լուսահոգի Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդեան տարեդարձի առիթով

Օգոստոսի 27-ը երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց հայրապետի ծննդեան տարեդարձն է, ով նաեւ Կիլիկիոյ Աթոռի գահակալն էր նախքան Ս. Էջմիածնում իր կաթողիկոսութիւնը: Այսօր նա կը դառնար 86 տարեկան:

Գարեգին կաթողիկոսն իր աննախադէպ մտաւոր ու հոգեւոր կարողութիւններով մեծ ներդրում ունեցաւ Հայաստանեայց եկեղեցու եւ հայ ժողովրդի կեանքում: Նա կամուրջներ կառուցեց հայոց զոյգ կաթողիկոսութիւնների, Հայ առաքելական եւ օտար եկեղեցիների միջեւ, հոգեւորականների եւ աշխարհականների սերունդներ կերտեց, կարեւոր դերակատարութիւն ունեցաւ համաշխարհային միջեկեղեցական յարաբերութիւնների զարգացման գործում, հեղինակը հանդիսացաւ արժէքաւոր աստուածաբանական ու գիտական աշխատութիւնների, հիմնեց բազմաթիւ եկեղեցիներ եւ ազգային-եկեղեցական հաստատութիւններ:

Անհնար է մէկ յօդուածում ներկայացնել այն ամէնն, ինչն առնչւում է այդ վառ անհատականութեանը, դրա համար թերեւս հատորներ են պէտք: Դրա համար նաեւ ժամանակ է հարկաւոր, որպէսզի կարողանանք ամբողջութեամբ գնահատել նրա կողմից երբեւէ ի ցոյց չդրուած իր ազգաշահ գործերը, եւ կարողանանք ինքներս մեզ համար «բացայայտել» Գարեգին հայրապետին:

Այս իմաստով կարեւորագոյն իրողութիւն է վերջերս Մայր Աթոռի Վանորէից տեսչութեան կողմից նրա` Հայաստանում կաթողիկոսական տարիների քարոզների լոյս ընծայումը: Քարոզախօսութիւնը առաջնային էր Լուսահոգի կաթողիկոսի համար. «Մեր ամենաանհրաժեշտ եւ անյետաձգելի գործը «առողջ» մարդու պատրաստութեան գործն է», ասում էր նա: Խօսենք այս հրատարակութեան մասին, որպէսզի նաեւ ընդհանուր պատկերացում ունենանք Հայաստանում իր հովուական գործունէութեան մասին:

Քարոզները ներկայացուած են երկու հատորներով, շուրջ 1450 էջ, շքեղ կազմով ու արտաքին ձեւաւորմամբ` ներքին բովանդակութեանն արժանի: Առաջին հատորը հանդիսանում է դեռեւս 2000 թուականին հրատարակուած եւ իր տպաքանակը սպառած «Հայրենիքը պատկերն է հայութեան» խորագրով գրքի վերահրատարակութիւնը, որտեղ հիմնականում ընդգրկուած են մայր տաճարի եւ Հայաստանեայց եկեղեցու Հայաստանի ու սփիւռքի թեմերի եկեղեցիների բեմերից հնչեցուած քարոզները:

 

 

Երկրորդ` աւելի ստուարածաւալ հատորում զետեղած նիւթերը հրատարակւում են առաջին անգամ: Դրանք Հայաստանում կամ արտերկրում վեհափառի խօսքերն են` արտասանուած տեղի ունեցած պաշտօնական հանդիպումների, ազգային-հոգեւոր կեդրոնների կամ ցուցահանդէսների բացման, Ամանորի առիթներով, նրա ելոյթները` միջեկեղեցական համաժողովների, ռատիօ- հեռուստատեսային հաղորդաշարերի, տարբեր հաստատութիւններում կամ համալսարաններում դասախօսութիւնների ընթացքում: Այնտեղ կարելի է կարդալ Գարեգին Ա.-ի քարոզները Հայաստանի եւ արտերկրի թեմերում, հայ գաղթօճախներում: Յատուկ ուշադրութեան է արժանի իրեն իւրայատուկ անմիջականութեամբ, սիրով լեցուն եւ ի հարկէ ազդեցիկ նրա խօսուած քարոզները ժողովրդի հետ ոչ պաշտօնական հարթակներում: Դրանք տեղի են ունենում Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերի եւ հեռաւոր գիւղերի մշակոյթի տներում, հրապարակներում, զօրամասերում, դպրոցներում, մարզադաշտերում, նոյնիսկ` գերեզմանատներում: Այստեղ ակամայից մտաբերում ես իր իսկ խօսքերը. «Քրիստոսն ինքը յայտնւում էր մարդկանց մէջ այնտեղ, որտեղ գտնում էր նրանց` ծովափին, բլուրների վրայ, փողոցներում, տներում, տաճարում: Եւ, ինչպէս յաճախ ասում եմ, նա երբեք չի ունեցել աշխատասենեակ: Նա ներգրաւուած էր մարդկանց կեանքում, իրեն նոյնացնում էր նրանց հետ, եւ ես կարծում եմ, որ հոգեւորականութիւնը պէտք է վերադառնայ դրան»:

Կարդալով այս քարոզները` կարող ենք հասկանալ, թէ ինչպէ՛ս էր Գարեգին կաթողիկոսը տեսնում նորանկախ Հայաստանի կայացման ու ծաղկման, նրա քաղաքացիների համար երջանիկ կեանքի կառուցման հեռանկարը, որի առաքելութիւնն իր գլխաւորութեամբ վերապահուած էր Հայ առաքելական եկեղեցուն: Դա կարող էր իրագործուել` վերադառնալով հարազատ ազգային-հոգեւոր արժեհամակարգ եւ քրիստոնէութեան բարոյա-դաստիարակչական գործօնի ազդեցութեամբ առողջ հասարակութեան ստեղծման ճանապարհով: Մէջբերենք այդ քարոզախօսութիւններից հատուածներ, դրանք այժմէական են նաեւ այսօր:

«Լոյսը իջաւ մեր երկրի՛ն, ազատութեան եւ անկախութեան լոյսը: Բայց ժողովուրդը ամէն տեղ պէտք ունի քրիստոնէական հաւատքի ուսուցման, իր հայրերի հաւատքի ճանաչման, իր եկեղեցական կեանքի լրիւ գործադրման` հոգեկան մաքրութեան, բարոյական ամրութեան եւ առողջութեան համար»:

«Մեր եկեղեցին կոչուած է մեր նորաստեղծ անկախ պետութեան խիղճը լինել, սիրտը լինել եւ դառնալ Հայաստանում բարոյական վերականգնման քարոզիչը»:

«Մեր եկեղեցին է եղել բարոյական ըմբռնումների, հոգեւոր արժանիքների սնուցող մայրը: Եթէ մի ազգի մէջ բարոյական ուժը տկարանայ, ո՛չ դրամը մեզ կը փրկի եւ ո՛չ է՛լ` զէնքը: Կարեւորը հոգեւոր եւ բարոյական առողջութիւնն է, որը իմաստ է տալիս ե՛ւ դրամի՛ն, ե՛ւ զէնքի՛ն: Դրամը տուր յիմար մարդու ձեռքը, կը մսխի: Զէնքը տուր մի ոճրագործի ձեռքը` մարդ կը սպաննի:

«Եկէ՛ք` լինենք հաւատարիմ մեր եկեղեցականի իսկատիպ ինքնութեանը: Ինչ գեղեցիկ է հոգեւորական բառը, այսինքն` հոգումա՛րդ, Աստծոյ սուրբ հոգու ճառագայթները ցոլացնող մարդ: Մեր երկնառաք վարդապետի սրբախօս շրթերից արտասանուած բառերով` լինենք աղ, որպէսզի մեր կեանք-խօսքը կարողանայ համ տալ մեր հաւատացեալների կեանքին, լինենք լոյս, որպէսզի կարողանանք լուսաւորել մարդկանց կեանքի ճանապարհը: Թող վերանորոգութեան շունչը մեզնից սկսուի:

«Մեր գործն է, առաջին հերթին, ամէն բանից վեր, Աստծու խօսքը, Աստծուց բխող ճշմարտութիւնը, Քրիստոսով յայտնուած, Աւետարանով քարոզուած այդ ճշմարտութիւնը մեր ժողովրդի կեանքի սեփականութիւնը դարձնել: Երբեք անջատում թող չլինի Աստծու ճշմարտութեան եւ ժողովրդի հոգու միջեւ»:

«Ազգի ուժն իր բարոյական բարձրութեան մէջ է»:

«Երկիրը կը փոխուի, երբ մարդն ինքն ունենայ փոխուելու քաջութիւն»:

«Ընդհանուրի շահով է պայմանաւորուած անհատի շահը, ոչ թէ անհատականով` ընդհանուրինը»:

«Ընդհանրական շահերի գերադասման, երկրորդական ու մասնաւոր եւ ժամանակաւոր շահերի ստորադասման իմաստութեան մէջ է կայանում ազգի հզօրութեան գաղտնիքը»:

«Մեր ազատագրական պայքարի մէջ արիւնն աւելի թափուեց, քան` մեր քրտինքը: Այսօր մեր քրտինքը աւելի պէտք է թափուի՛: Քրտինքն է այժմ հայրենաշինութեան հեղուկը»:

«Ես չեմ հաւատում այլեւս հայրենասիրութիւն բառին, չեմ հաւատում եկեղեցասիրութիւն բառին: ես հաւատում եմ հայրենակերտութիւն, եկեղեցաշինութիւն բառերին»: «Սէրն առանց կեանքի, առանց գործի շրթնային արտայայտութիւն է, զգացական խօսք եւ ինքնամխիթարութիւն»:

Եկէք` միասին դադարենք ողբալուց, լալուց, դժգոհելուց: Ողբի հայրենիք չկայ, լոյսի հայրենիք կայ, յոյսի հայրենիք կայ: Այլեւս մենք չենք նայելու անցեալին եւ միշտ ասելու, թէ ուրիշները մեզ ջարդել են: Թող նրանք ամաչեն մեր կեանքովը: Ամաչելու են, եթէ տեսնեն մեր կեանքը ծաղկուն, պտղաբեր եւ արդիւնալից»:

«Լծուեցէք աշխատանքի՛, մեր քրիստոնէական հաւատքով սուրբ է աշխատանքը»:

«Մութն անիծելու փոխարէն` մէկ մոմ վառիր»:

«Մեր Հայաստան աշխարհում հարկ է ստեղծել ներդաշնակութիւն հոգեւոր եւ նիւթեղէն իրականութիւնների միջեւ` միշտ բարձր պահելով հոգեւորի գերիշխանութիւնը, առանց որի` կեանքը կը դառնայ սպառողական եւ սպառուողական մի անիմաստ գոյութիւն»:

«Եթէ ուզում էք երջանիկ լինել, ուրիշին երջանկացրէք: Ուրիշին երջանկացնելը մարդու գերագոյն երջանկութիւնն է»:

«Աստծու սէրը, Աստուած-մարդ յարաբերութիւնը մարդ առ մարդ յարաբերութեամբ է արտայայտւում»:

«Խաչը սիրոյ գերագոյն արտայայտութիւնն է»:

Գարեգին Ա. իբրեւ Ամենայն Հայոց հայրապետ` կարճ գահակալեց, ընդամէնը` 4 տարի, որի շուրջ մէկ եւ կէս տարիները նրան ուղեկցեց անբուժելի հիւանդութիւնը: Նոյնիսկ այս ընթացքում նա չդադարեցրեց իր ինքնանուէր գործունէութիւնը` ի շահ Հայ եկեղեցու, պետութեան ու ժողովրդի: Ի թիւս իր այլ գործերի` խորհրդային անաստուածութիւնից յետոյ նա բեկում մտցրեց մարդկանց մտածողութեան մէջ: Առանց դրա` մեր կեանքն այսօր թերեւս կը լինէր այլ. պատմական մեր գործող եկեղեցիները կարող էին մեզ ներկայանալ անշունչ յուշարձանների կարգավիճակով, կարող էին չբացուել նորանոր եկեղեցիներ այնտեղ, որտեղ նրանց կարիքը կայ, կարող էին չլինել շփման եզրեր աշխարհի միւս եկեղեցիների հետ, հոգեւորականները կարող էին մարդկանց հետ երբեք չխօսել նրանց յուզող հարցերի շուրջ, մեզանում առաւել տիրապետող կարող էր լինէր նիւթապաշտութիւնը, ագահութիւնը եւ հասարակութիւնը քայքայող ուրիշ յատկանիշներ…

Այսօր Գարեգին Ա. կաթողիկոսը մեզ հետ չէ, որպէսզի շարունակուէր իր կենսական առաքելութիւնը, սակայն վեհափառը նաեւ ստեղծեց այն երբեւէ իրագործելու համար անհրաժեշտ հիմքեր: «Բարեբախտութիւն է, որ մնացին նրա ազգաշահ գործերը, բազում ու բազմազան աշխատութիւնները, նրա արտասովոր մտքի ու հայութեամբ բաբախող հոգու գրաւոր վկայութիւնները, որոնք շատ անելիք ունեն մեր այս նիւթապաշտ, օրէցօր հայաթափուող ու ոգեթափուող ժամանակներում», գրել է Ամենայն Հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանը: Հէնց սեփական այդ գրաւոր ժառանգութիւնն է, որ պիտի հնարաւորութիւն ընձեռնի փոխանցելու իր հայրենակերտ եւ եկեղեցաշէն առաքելութիւնը երբեւէ` այլոց:

Լուսանկարում վեհափառի լուսանկարներն ու նրա քարոզների երկհատորեակի ընդհանուր շապիկը

 

 

Աշոտ Վաւեան

Նիւթը՝ «Ազդակ»էն