Օրերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը հարստացավ բացառիկ արժեք ներկայացնող մի ձեռագրով՝ թանգարանին հանձնվեց հայ կաթողիկոս, մեծ մտավորական և գրող Խրիմյան Հայրիկի ձեռագրով գրված բանաստեղծությունների տետրը:
Տետրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է բերել երուսաղեմահայ մտավորական, բանաստեղծուհի Անուշ Նագգաշյանը, որն էլ «Արևելքին» հայտնեց լուրը: Իր չափածո գործը Խրիմյան Հայրիկը վերնագրել է «Թագավորաց ժողով»: Ըստ Անուշ Նագգաշյանի, դիտարկումներ կան, որ խոսքը վերաբերվում է Բեռլինի Վեհաժողովին, որտեղ առաջին անգամ միջազգային քննարկման է դրվել Հայկական հարցը: Հայտնի է, որ Կոստանդնուպոլսից Բեռլինի վեհաժողովին մասնակցում էր ազգային պատվիրակություն՝ Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ, որին թույլ չէին տվել մասնակցել վեհաժողովին: Խրիմյան Հայրիկը փորձել է այդ դեպքի հետ կապված իր մտածումները ամփոփել բանաստեղծությամբ:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Անուշ Նագգաշյանը, ձեռագիրն իր մոտ է հայտնվել պատահաբար. Անգլիայից Աբրահամ Մնացականյանի դուստրը այն գտել է իր բարեկամների տանը, որոնք էլ իրենց հերթին մոտ 40 տարի առաջ մի հայի տուն են վարձել: Վարձակալները գնել են տան սեղանը, որը գաղտնի դարակ է ունեցել: Հենց այդ դարակում էլ ընդամենը վերջերս հայտնաբերվել է տետրը, որի հետ նաև՝ Խրիմյան Հայրիկի լուսանկարն ու հայ որբերի լուսանկարներ:
Անուշ Նագգաշյանը նշեց, որ այն, ստանալով Աբրահամ Մնացականյանից, շտապել է Հայաստան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսին հանձնել թանկարժեք ձեռագիրը, որը, ըստ բանաստեղծուհու, հայոց գանձարանի նմուշ է և որի տեղը միայն Հայաստանն է:
Բանաստեղծուհին հայտնեց նաև, որ ձեռագիր-տետրը շուտով կտպագրվի՝ հատուկ ծանոթագրությամբ:
Անուշ Նագգաշյանը