Նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է հայ դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: «Արեւելքի» տեղեկությունը հաստատեցին Հայաստանի թատերական գործիչների միությունից:
Վարդուհի Վարդերեսյանը ծնվել է 1928 թվականի մարտի 19-ին, Բուխարեստում։ Նա դերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի (մահացել է 2003 թ.-ին) կինն էր։ 1946 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Խաղացել է բազմաթիվ ֆիլմերում և թատերական ներկայացումներում: Վարդուհի Վարդերեսյանը եղել է Հայաստանի առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից մեկը: 1995 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001 թվականին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013թ.` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Դերասանուհին խաղացել է նաև Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոնում, որտեղ արժանացել է ոսկե մեդալի։