image

Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

Գեներալ Նարեկ Աբրահամյան. Ես ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

«Արևելքի» հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասաց, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ  պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող  հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի: Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, սփյուռքից գալով  1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, և ինչպես ասաց, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր: Ըստ Նարեկ Աբրահամյանի, Սփյուռքում  շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ,  ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ: «Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,-նշեց Ն. Աբրահամյանը: 

Մեր զրույցի ընթացքում պաշտոնաթող գեներալն ասաց, որ անձամբ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Նարեկ Աբրահամյանն  այն առաջիններից էր, որ Արցախում զբաղվել է նաև վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում և իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում: 

«Ցավոք սրտի, ղարաբաղյան հարցը միայն  պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,-նշեց Նարեկ Աբրահամյանը, ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի: 

Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,-ասաց  Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝  իր հերթին կոչ անելով  այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել: