«Արեւելք»-ի Թեհրանի աղբյուրը հայտնում է, որ մեկ շաբաթ առաջ կորոնայով վարակված հայուհին՝ 85-ամյա Էլսիկ Մասիհին մահացել է: Նա գտնվում էր Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոցում, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների բուժման հիմնական հիվանդանոցն է:
Մեր աղբյուրը նաև հայտնեց, որ կնոջ հարազատները մտավախություն ունեին, որ, ինչպես նույն վիրուսից մահացած մյուս իրանցիների դեպքում, այս դեպքում էլ կառավարությունը դիակը կպահի՝ հետազոտություններ կատարելու համար: Սակայն, ինչպես տեղեկացանք, իրանահայ պատգամավոր Կարեն Խանլարյանի բանակցություններից հետո, առողջապահության նախարարությունը, վիրուսը ոչնչացնելուց հետո, մարմինն անմիջապես կհանձնի հարազատներին՝ հայկական կրոնական արարողությամբ հուղարկավորություն կատարելու համար:
Նշենք, որ Իրանի հայկական համայնքը նույնպես դիմագրավում է երկրում կորոնավիրուսի հարուցած տագնապին. փակ են Թեհրանի և Թավրիզի բոլոր հայկական դպրոցները: