image
Հրատապ լուրեր:

«Մերօրյա հերոսները». Աղաջան Ջանոյան

«Մերօրյա հերոսները». Աղաջան Ջանոյան

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը գրում է. 

 


«ԵՊԲՀ «Մերօրյա հերոսները» շարքի շրջանակում խորը ցավով ենք անցյալ ժամանակով խոսում շուրջ երեք տասնյակ համալսարանականի մասին: Նրանք իրական հերոսներ են, որոնք ապրել են մեր կողքին ու կյանքը զոհել հանուն մեր խաղաղ օրերի:

Ստոմատոլոգիական ֆակուլտետից ևս մեկ սովորող՝ Աղաջան Ջանոյանը, զոհվել է ադրբեջանական ագրեսիայի դեմ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում։ Աղաջանին կուրսընկերներն ու ֆակուլտետի աշխատակիցները բնորոշում են որպես կարգապահ, խելացի, համեստ երիտասարդի:
«Չէինք կարող չնկատել նրա բարի, դրական և ընկերասեր վերաբերմունքը բոլորի հանդեպ»,- ասում է համակուրսեցին՝ Լաուրա Սողոմոնյանը։
Աղաջան Ջանոյանն ամռանն է զորակոչվել բանակ: Մեծ էր ապագա ստոմատոլոգի ցանկությունը վերադառնալ զինվորական ծառայությունից և շարունակել ուսումնառությունը՝ կարճ ժամանակահատվածում հարազատ դարձած համալսարանում:

«Միշտ բավականին վաղ էր գալիս համալսարան ու նստում ընթերցասրահում, շատ էր սիրում տարբեր տեսակի, այդ թվում մարտական խաղեր խաղալ»,- նշում է դասընկերուհին՝ Միլենա Մելքումյանը:

Կուրսընկերուհիները փաստում են, որ Աղաջանը չափազանց դրական կերպար էր, միշտ լավ տրամադրություն ուներ և փորձում էր դրականը տարածել նաև շրջապատում: Դժվար իրավիճակներում էլ փորձել է լավատես լինել և արժանապատվությամբ հաղթահարել:

Պատերազմում անմահացած զինվորը ծնվել էր 2002 թվականին Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղում: Աղաջանը ծառայել է Մարտակերտում, զոհվել է Ներքին Հոռաթաղ գյուղում, արկի պայթելու հետևանքով:

Տղանե՛ր, խոնարհվում ենք Ձեր հիշատակի առաջ»: