«Հրապարակ օրաթերթ»ը կե գրէ՝
«Օրերս մամուլում տեղեկատւութիւն տարածուեց, թէ Սերժ Սարգսեանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի նկատմամբ հետախուզումը հանուել է, եւ նա այժմ ազատ է՝ մեկնելու այս կամ այն երկիր։
Յիշեցնենք․ նրա նկատմամբ դեռեւս 2020-ին քրէական հետապնդում էր սկսել Պետեկամուտների կոմիտէն՝ ապօրինի հարստացման մեղադրանքով: Ապա Մինասեանի նկատմամբ հետախուզում էր յայտարարուել, եւ քանի որ Ռուսաստանի իշխանութիւնները նրան չյանձնեցին ՀՀ իշխանութիւններին, նա մնաց Ռուսաստանում, սակայն չէր կարողանում հատել սահմանը եւ մեկնել որեւէ եւրոպական երկիր։ Եւ հիմա, ասում են, հետախուզումը հանուել է։ Օրերս էլ Մինասեանը կնոջ եւ երեխաների հետ Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Մոսկուայի Մեծ թատրոնի բակից։
Դատախազութիւնը մեր հարցին ի պատասխան ասաց, որ հետախուզումը Մինասեանի նկատմամբ չի դադարեցուել։ Այսինքն՝ հետախուզումը Հայաստանում չի հանուել, բայց այլեւս Ինթըրփոլի կողմից միջազգային հետախուզման մէջ չէ։ Նշանակում է՝ Հայաստան գալու դէպքում նա կը ձերբակալուի, սակայն կարող է աշխարհով մէկ շրջել: Եւ, մեր տեղեկութիւններով, նա արդէն Իտալիա է մեկնել ու ապրում է Հռոմի իր տանը: Այլ աղբիւրներից տեղեկացանք, որ հենց ՀՀ իշխանութիւններն են միջազգային հետախուզումը դադարեցրել, բայց «երեսները չի բռնում», որ պաշտօնապէս յայտարարեն: Աւելին, մեր աղբիւրը պնդում է, որ ՀՀ իշխանութիւնը նաեւ «փրկագին» է ստացել Միքայէլ Մինասեանից` այս քայլի դիմաց»:
Ամբողջական յօդուածը կրնաք կարդալ այս հասցէով՝ https://hraparak.am/post/2c0bb7d97ad70e001682b8ea31d7ecfe