26 մայիսի ջրհեղեղէն յետոյ Նոյեմբերեան խոշորացուած համայնքի Արճիշ, Այրում, Յաղթանակ, Դեբեդաւան, Կողբ եւ Բագրատաշէն բնակավայրերու բնակիչներէն ստացուած է վնասի վերաբերեալ 260 դիմում: Ընդհանուր առմամբ՝ վնասուած են 40 շէնք-շինութիւն, հեղեղուած եւ ոչնչացած 108,5 հեքթար մակերեսով այգի ու պարտէզ, անկած են բազմաթիւ ընտանի կենդանիներ ու թռչուններ, ոչնչացած են շատ մեղուափեթակներ:
Այս մասին ասուլիսի ժամանակ տեղեկացուցած է Նոյեմբերեան խոշորացուած համայնքի ղեկավար Արսէն Աղաբաբեան:
«Ստեղծել ենք արտակարգ իրավիճակների յանձնաժողով, որը բացի համայնքապետարանի ու վարչական այլ միաւորների ղեկավարներից, մարզպետի աշխատակազմից, նաեւ ընդգրկել է փրկարար ծառայութեան ներկայացուցիչներին: Վնասուած քառասուն շէնք-շինութիւններից տասներկուսը բնակարաններ են, որոնք ամբողջութեամբ ջրալցուել են: Դեռ վաղ է ամբողջական վնասի չափը որոշել, քանի որ շարունակւում է բնակիչների դիմումների ընդունման գործընթացը: Դիմումների քանակը դեռ կ'աւելանայ, քանի որ կան տարածքներ, որտեղ առայժմ հասանելիութեան խնդիր կայ: Հաշուարկները կը սկսենք երկուշաբթի օրուանից»,- ըսած է Աղաբաբեան:
Ըստ Աղաբաբեանին, սարքերու առումով միջոցները բաւարար են։ Դեբեդ գետի աւազանն ընդգրկող Նոյեմբերեանի տարածքին մէջ վնասուած է ռազմավարական նշանակութեան երկու եւ մէկ հետիոտնային կամուրջ:
Խօսելով ջրհեղեղէն տուժած համայնքի բնակավայրերուն մէջ ստեղծուած առողջապահական վիճակի մասին, Աղաբաբեան ընդգած է, որ իրավիճակը վերահսկելի է:
«Այդ առումով ռիսկեր (վտանգներ) եւ վարակային վտանգներ չկան»,- ըսած է համայնքի ղեկավարը: