Վահան Քերոբեան ազատուած է ՀՀ տնտեսութեան նախարարի պաշտօնէն։ Այդ մասին դիմատետրի իր էջին գրած է ինքը՝ Քերոբեանը։
Ան այդ պաշտօնը կը զբաղցնէր 2020-ի նոյեմբեր 20-էն։
Քերոբեանը շնորհակալութիւն յայտնած է վարչապետին «երկրին ծառայելու այս հնարաւորութեան համար»:
«Այս 3-ից աւելի տարուայ ընթացքում աշխատել եմ անմնացորդ նուիրուածութեամբ, լցուած սիրով Հայաստանի իւրաքանչիւր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնուազն վեց օր, միջինում առաւօտուայ 8-ից երեկոյեան 9-ը, երեք տարուայ ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործուած արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի իւրաքանչիւր օրը ապրել եմ օր առաջ հզօր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիւ ու նուիրուած հայրենիքին։
2020 թ. համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն (Համախառն ներքին արդիւնք) ԱՄՆ դոլարով աճել է մօտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով`մօտ 50%-ով։ Հայաստանը մէկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիւ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարութեան բիւջետաւորուած ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականութիւնը, ներդրումների ծաւալը, Հայաստանին արտաքին առեւտրաշրջանառութիւնը։
Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտօնը, մեծ էր հաւանականութիւնը, որ մի քանի օր կամ ամիս կը մնամ այդտեղ. իշխանափոխութեան հաւանականութիւնը շատ մեծ էր։ Այս ժամանակահատուածում բազմաթիւ անհամաձայնութիւնների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպէսզի առաւելագոյնի հասցնեմ իմ ծառայութեան արժէքը իմ երկրին։
Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարաւորութեան համար»,- գրած է ան։