-Ո՞ր ուղղությամբ եք շարժվում։
-Կարմիր խնձորի։
2018 թվականի հունվարյան մի օր թուրք-սիրիական սահմանագծին լրագրողի և թուրք զինվորականի միջև ծավալված այս հարց ու պատասխանը դարձավ Թուրքիայում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը։ Հաղորդավարներից մինչև քաղաքական գործիչներ, մտավորականներից մինչև սոցցանցային թրոլներ, բոլորը հիանում կամ քննադատում էին թուրք մեհմեթչիկի («մեհմեթչիկ»-ը թուրք զինվորին ուղղված փաղաքշական դիմելաձև է) արտասանած խոսքերը։ Գիտեմ, որ այս սյունակիս վերնագիրը կարդալիս մի պահ մտածում էիք, որ վերջապես գրելու եմ ոչ քաղաքական, կենցաղային ու մեզ քաջածանոթ թեմայի մասին։ Սակայն, ինչպես երևի արդեն կռահեցիք, «կարմիր խնձորը» Թուրքիայում բոլորովին այլ, ավելի «վեհ» իմաստ ունի (չնայած հայերենում էլ այն շատերի համար հենց վեհության խորհրդանիշն է, որ կա) ու սա լավ առիթ է, որ այս սյունակումս անդրադառնամ դրա հետ կապված մի կարևոր թեմայի՝ ժամանակակից Թուրքիայում գերակա մի քանի խորհրդանիշերի մասին, որոնք բնորոշում են թուրքական քաղաքական մշակույթն այսօր։
Առաջին ստորագրությունը
2015 թվականի ամռանը շուրջ երկու ամիս ապրեցի Ստամբուլում։ Այնպես էր ստացվել, որ կացարանս քաղաքի ամենակենդանի փողոցի՝ հանրահռչակ Իսթիքլալ պողոտայի ամենամեջտեղում էր։ Նրանք, ովքեր եղել են այստեղ, գիտեն, որ չնայած փողոցը հետիոտնային է, բայց դա, ինչպես և ամեն բան Արևելքում, միանշանակ չէ ու երբեմն մարդկային հոսքը ընդհատվում է առանց շչակի դանդաղ սուրող մեքենաներով։ Ամառվա ամիսներին այս փողոցով օրական անցնում է մինչև երեք միլիոն մարդ։ Իմ կացարանից մինչև մի քանի հարյուր մետր վերև ընկած փողոցում գտնվող բանվորական ճաշարան ես գնում էի ամեն օր երկու անգամ՝ մի քանի րոպեով դառնալով մարդկային այդ ահռելի հոսքի մի մասնիկը։ Եւ այդ հոսքի մեջ էր, որ սկսեցի ուշադրություն դարձնել մարդկանց դաջվածքներին, որոնք մերթընդմերթ հայտնվում էին աչքերիս առաջ։ Դրանցից ամենատպավորիչը և ամենաշատ տարածվածներից մեկը Քեմալ Աթաթյուրքի ստորագրության դաջվածքն էր, որ հանդիպում էր հավասարապես թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մարմիններին։
Սկզբում դա ինձ սովորական թվաց, սակայն որոշ մասնագիտական գրականություն ընթերցելուց ու դիտարկումները շարունակելուց հետո, խորհրդանիշներին, ինչպիսին էր Աթաթյուրքի ստորագրությամբ դաջվածքը, բոլորովին այլ կարևորություն տվեցի։ Հասարակություններում և, Արևելքի հասարակություններում մասնավորապես, խորհրդանիշը/սիմվոլը կարևորագույն նշանակություն ունի թե՛ հասարակական, թե՛ քաղաքական տեսանկյուններից։ Խորհրդանիշերի համար պայքարը հաճախ, հատկապես քաղաքական վայրիվերումների (օրինակ հեղափոխությունների) ժամանակ, դառնում է որոշիչ իշխանության ձևավորման և գործունեության համար։ Խորհրդանիշերի ուսումնասիրությունը օգնում է հասկանալ հասարակական պատկերացումները, առանց որոնց կդժվարանար կամ նույնիսկ անհնարին կդառնար կարևոր պատմական իրադարձությունների գնահատումը։ Այս առումով հիշում եմ 2007-2008թթ. Հայաստանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի կողմից Արցախյան շարժման սիմվոլիկայի կիրառման պատմությունը, երբ շեփորի ձայնն ու վեր բարձրացրած բռունցքը մարդկանց մոտ արթնացնում էր հիշողության մեջ մնացած «հեղափոխական անցյալը»։ Սակայն վերադառնանք մեր հարևաններին։
Թյուրքական լեգենդը
Խորհրդանիշերի հարցում, ինչպես հասկանում ենք, Թուրքիան ևս բացառություն չէ։ Սկսենք կարմիր խնձորից, որի մասին հիշատակում էր թուրք զինվորականը։ Նախ նշենք, որ զինվորականը թուրքական ԶՈՒ այն ստորաբաժանումից էր, որն այս տողերը գրելու պահին էլ շարունակում է հունվարի 20-ին սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը՝ նպատակ ունենալով գրավել և հաստատվել Սիրիայի հյուսիսի Աֆրին շրջանում։ Փաստորեն, զինվորը թուրքական զորքերի շարժման ուղղությունը կոչում է «Կարմիր խնձոր»։
Կարմիր (կամ նաև ոսկե) խնձորը (kızıl elma) թյուրքական ազգայնականության կարևորագույն խորհրդանիշերից է։ Այն նշանավորում է համաշխարհային տիրապետությունը և մշտապես գտնվում է հորիզոնում (նույնականանալով արևի հետ)։ Թյուքական ցեղերը սահմանում էին կարմիր խնձորի «տեղը» և երբ այն գրավվում էր, այն միանգամից վերածվում էր այլ, ավելի բաղձալի և ավելի բարդ նշանակետի։ Օսմանների համար տարբեր ժամանակներում կարմիր խնձոր էր Կոստանդնուպոլսում Հուստինիանոս կայսեր արձանի ձեռքում խաչակիր գունդը (դերժավան), Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը, Ալ Աքսա մզկիթը, Բուդայի ամրոցը (ներկայիս Բուդապեշտ), Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը և այլն։ Նոր ժամանակներում պանթյուրքիստները կարմիր խնձորը օժտեցին մեկ այլ նշանակությամբ։ Բացի զավթողականության խորհրդանիշ լինելուց, այն դարձավ նաև բոլոր թյուրքերի միավորումը խորհրդանշող գաղափար։ Այսօր էլ այն շարունակում է պահպանել իր այս նշանակությունը Թուրքիայի ազգայնականների շրջանում։ Եւ թուրք շարքային զինվորի աչքերում Սիրիայում իրականացվող գործողությունը ոչ թե խաղաղության հաստատմանն ուղղված ռազմարշավ է, այլ աշխարհը նվաճելու և թյուրքերի միավորման համար անհրաժեշտ քայլ։ Եւ պատահական չէ, որ երբ սակավաթիվ թուրք այլախոհները քննադատության ենթարկեցին զինվորականի այս արտահայտությունը, միանգամից հարձակման ենթարկվեցին իշխանության և մերձիշխանական շրջանակների կողմից։ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դ. Բահչելին, օրինակ, քննադատներին անվանեց «անաստվածներ»։ Բահչելիի այս խոսքը Թուրքիայում գերակա սուննիական իսլամի և ազգայնականության սինթեզի ամենացցուն օրինակներից է։
4 հենասյուները
Սուննիական ազգայնականության ևս մեկ կարևոր խորհրդանիշ է «ռաբիան»։ Հայտնի է, որ իսլամն ունի 5 հիմնասյուն, որոնք այդ կրոնի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են։ Մերօրյա Թուրքիայում, որտեղ իսլամը գերակա կրոնն է, Էրդողանի և իր թիմակիցների կողմից ձևավորվել են Թուրքիայի 4 հիմնասյուները, որոնք իշխանությունը փորձում է դարձնել ամենակարևորը թուրք հասարակության համար։ Դա, այսպես կոչված, ռաբիան է։ Ռաբիայի խորհրդանիշը ծագել է Եգիպտոսում 2013 թվականի ընթացքում։ Ի սկզբանե այն խորհրդանշում էր Եգիպտոսի նախկին նախագահ Մ. Մուրսիի կողմնակիցների պայքարն ընդդեմ զինվորական հեղաշրջման։ Սակայն այն շուտով «յուրացվեց» Էրդողանի կողմից, որ սկսեց ամենուր ներկայացնել ռաբիայի ժեստը (բութ մատը ծալած՝ պարզած ձեռքի չորս մատերը)։ 2016թ. զինվորական հեղաշրջման տապալումից հետո Էրդողանը ձևակերպվեց Թուրքիայի նոր կարգախոսը՝ «Մեկ ազգ, մեկ դրոշ, մեկ հայրենիք, մեկ պետություն», որը հարմարեցվեց ռաբիայի նշանին։ Այդպիսով, ռաբիան դարձավ նոր թուրքական խորհրդանիշը, որը ոչ միայն ցուցադրում են քաղաքական գործիչները, այլև դրա մասին գրվում են բանաստեղծություններ, տեղադրվում են արձաններ և այլն։ Այն համարվում է թուրք ազգայնականության ժամանակակից գլխավոր շարժումը՝ աստիճանաբար փոխարինելով ավելի հայտնի գորշ գայլերի նշանին:
Երկրորդ ստորագրությունը
Եւս մեկ խորհրդանիշի լայն տարածվածությունը ես նկատեցի իմ արդեն հիշատակածս այցելության ժամանակ։ Ռիզե-Սարփ երթուղային ավտոբուսում, այն մասում, որտեղ մենք կախում ենք խաչ, աչքի ուլունք կամ դնում սրբապատկեր, թուրք վարորդը կախել էր Օսմանյան կայսրության գերբն ու սուլթանական թուղրան։ Թուղրան սուլթանի ստորագրությունն է և կայսերական գլխավոր խորհրդանիշը, որը նունն գործածությունն ուներ, ինչ այսօրվա զինանշանները։ Թուղրայի պատկերը այսօր կարելի է հանդիպել ամենուր։ Դրանց տարածումն ու հանրայնացումը այսօրվա թուրքական հասարակության տրամադրությունների և իշխանության տարածած պաշտոնական դիսկուրսի մասին նույնպես կարևոր ցուցիչ են հանդիսանում։ Դա օսմանյան ժառանգությանը տեր կանգնելու իշխանությունների որդեգրած սկզբունքն է, որն իր դրսևորումն է գտնում քաղաքականությունից մինչև մշակույթ (հիշե՛ք, թեկուզ, մի քանի տարի առաջ մեզանում շատ խոսվող նեո-օսմանիզմի մասին)։ Թուղրան գումարվում է վերևում հիշատակված սուննիական ազգայնականությանը և ձևավորում այն միջավայրը, որտեղ ապրում է մեր հարևան երկրի բնակչության մեծամասնությունը։