Եթէ պատկան կառոյցները այլեւս անկարող են գործել, թող ըսեն՝ մենք չենք գիտեր ուր են ձեր երեխաները, ներեցէք մեզի, ես վաղն իսկ կ'երթամ Ատրպէյճան, այստեղ ալ ինչու համար կ'ապրիմ, որո՞ւ պէտք եմ։ Այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Ազգային անվտանգութեան ծառայութեան դիմաց բողոքի ցոյց իրականացնող անյայտ կորսուած զինծառայող Վարդան Ադոյեանի մայրը՝ Անահիտ Ադոյեանը։
«Իմ 4 տարեկան թոռն ամէն առաւօտ ասում է՝ երբ ես գնում պապայի ետեւից, ինչու պէտք է իմ 4 տարեկան թոռը հոգեբանի կարիք ունենայ։ Կարո՞ղ են մեր բոլոր կառոյցների ներկայացուցիչները կանգնել անհետ կորածների երեխաների դիմաց ու ասել՝ որտեղ են իրենց հայրերը, կարո՞ղ են։ Թող ասեն, անփութութիւն է եղել, որ քիմիկներին երեք ավտոբուսով տարան թուրքի բերան, թող ասեն մենք անզօր ենք, անկեղծ՝ առաւօտ կը գնամ Ադրբեջան։ Երեք ավտոբուսով 60 զինուորի նստեցրել են ավտոբուսն ու տարել թուրքի բերան։ Անդրանիկ Մակարեանը, Արսէն Աբգարեանը իրերց մեղքը այդ հարցում չեն ճանաչում։ Արսէն Աբգարեանին, ով այդ զօրամասի հրամանատարն է եղել, այսօր նախարարութիւնում պաշտօն են տուել, Մակարեան Անդրանիկն ասում է՝ ես հրաման եմ կատարել, թող ասի՝ ում հրամանն է կատարել, մենք էլ նրա մօտ գնանք»,-ըսած է ան։
Անահիտ Ադոյեանը նշած է, որ 60 զինուորէն 22-ը ողջ մնացած են, սակայն ոչինչ կը պատմեն դէպքէն։
«Իրենք դասալիք են, փախել են, ինչքան էլ իրենց ծնողները ասեն, թէ հրաշքով են ողջ մնացել, միեւնոյնն է՝ իրենք դաւաճան են»,- ըսած է ան։
Յիշեցնենք, որ անյայտ կորածներու ծնողները պիտի հանդիպին Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէն Արմեն Աբազեանի հետ։