image
Հրատապ լուրեր:

Թանկագին հայ ժողովուրդը

Թանկագին հայ ժողովուրդը

Դուք գիտե՞ք, թե որն է Հայաստանում ամենահաճախ հանդիպող պաստառը: Իշխանությունների դեմ ուղղված որեւէ կո՞չ, ո՛չ, նրանց վիրավորող ինչ-որ արտահայտությո՞ւն, կրկին՝ ո՛չ: Մենք այսինչ մարդու կողքին ենք, ուր էլ, որ նա գնա ու ինչ էլ, որ անի՞, անշուշտ՝ ո՛չ. Հայաստանում նման մարդ չկա…  Մեր երկրում ամենահաճախ հանդիպող պաստառի վրա գրված է՝ Վաճառվում է: Ընդ որում, մայրաքաղաքի կենտրոնական մասերում Վաճառվում է-ն անգլերեն է գրված, քանի որ մայրաքաղաքի կենտրոնական մասերում վաղուց արդեն օտարերկրացիներն ավելի շատ են, քան՝ հայաստանցիները: Ինչեւէ:

Մենք վաճառում ենք մեր բնակարանները, ավտոտնակները, մեքենաները, հատկապես, եթե դրանք աջ ղեկով են, արտադրած կոշիկը կամ թթվասերը, ներմուծած բանանը կամ շաքարավազը, նույնիսկ ծառայությունները, ու սա նորմալ է: Աշխարհի ամենազարգացած երկրներում անգամ ամեն ինչ ու բոլորը վաճառվում են: Օրինակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 130 հազար դոլար է վճարել նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, որ առավել հայտնի է Սթորմի Դենիելս անունով, որպեսզի կինը լռի իրենց կապի մասին: Այնպես որ պետք չէ զարմանալ, որ լռությունը վաճառվում է, կամ հակառակը՝ ինֆորմացիան: Պետք չէ զարմանալ նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանն է վաճառվում, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրահապատ սեւ Մերսեդեսը. վաճառվելը զարմանալի չէ, զարմանալի կարող է լինել գինը: Օրինակ Նոր տարվա օրերին հայաստանյան սուպերմարկետներում մեկ կիլոգրամ բալն արժեր 32 հազար դրամ: Ու գիտե՞ք, մարդիկ են եղել, որ գնել են, ընդ որում՝ կիլոգրամներով: Դե հավանաբար նրանք ամեն տարի Ամանորը նշում են բալով, ու եթե իրենց սեղանին բալ չի լինում, մի տեսակ… Չխորանանք, մանավանդ որ Ամանորի սեղանին բալ դնող մարդու ներսում առանձնապես հետաքրքրական բան չկա: Բալի այս պատմությունը, սակայն, կարծում եմ, անչափ կարեւոր է, քանի որ եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարող են մեկ կիլոգրամ բալին տալ 32 հազար դրամ, ապա ինչո՞ւ միսը չթանկացնել, օրինակ, կամ պանիրը, կամ կաթնաշոռը, մի խոսքով՝ ամեն ինչը: Անունը դնում ենք՝ ԵԱՏՄ-ի նոր կանոններ ու թանկացնում ենք: Մեկ է առնելու են: Ինչպես բալն են առնում, բենզինն էլ կառնեն, գազն էլ կառնեն: Հայաստանն իրականում գնողունակ երկիր է, մենք ամեն ինչ կարողանում ենք առնել, հիմա հիփոթեքով, վարկով, ապառիկով, բայց հո՞ առնում ենք: Ենթադրենք Հաիթիում մտքներով էլ չի անցնում վարկ վերցնել ու հեռուստացույց առնել, բայց դա այն պատճառով, որ մենք Հաիթիից ավելի զարգացած պետություն ենք. Նարեկացի ունենք, գիտելիքահենք տնտեսություն, ազգ-բանակ, կոռուպցիայի դեմ աննահանջ պայքար, ավելի ճիշտ՝ աննահանջ կոռուպցիայի դեմ պայքար… Մի խոսքով՝ Հաիթիում միայն կերազեն այս ամենի մասին:

Հայաստանի խնդիրն այլ տեղ է: Մեծ հաշվով մենք թքած ունենք գների վրա: Գնաճը մեզ փողոց դուրս չի բերում, եթե բերում էլ է, ապա միայն մի քանի տասնյակի, այն էլ, երբ եղանակը տաք է ու փողոցում քայլելը կամ կանգնելը հաճելի է: Գնաճը մեզ համար գոյության հարց չէ, մի տեսակ լուրջ չէ, նույնիկ ամոթ է, որ գների բարձրացման դեմ հասուն տղամարդիկ փողոց դուրս գան: Փոխարենը կարելի է Ռուսաստան գնալ, շատ փող աշխատել, ուղարկել տուն, որեսզի ընտանիքի անդամները բանան ու կարագ ուտեն, օրինակ: Որ բողոքեցինք գների բարձրացման դեմ, դրանք իջնելու ե՞ն: Օրինակ ՏՄՊՊՀ-ն, որը հենց կարգավորում է Հանրապետությունում գները, մանրամասն ուսումնասիրել ու պարզել է, որ կոնկրետ դիզվառելիքի, բենզինի, սեղմված գազի գները Հայաստանում հիմնավորված են բարձրացել: Այսինքն եթե մի քանի տասնյակ մարդ փողոց դուրս գա ու պահանջի իջեցնել բենզինի գինը, օրինակ, կառավարությունից մի ակնոցով մարդ դուրս կգա ու կասի, հարգելի ժողովուրդ, ՏՄՊՊՀ-ն հիմնավորված է համարում բենզինի թանկացումը, իսկ ՏՄՊՊՀ-ն Հայաստանում անկախ մարմին է, կառավարությանը բոլորովին չի ենթարկվում, ճիշտ է հաճախ են կառավարության անդամներն ու ՏՄՊՊՀ-ի անդամները համատեղ խաշ ուտում ու միմյանց կենացը խմում, ու սա կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, բայց դա հո ենթարկվել չի՞ նշանակում:

Այնպես որ Հայաստանում գնաճի դեմ պայքար լինել չի կարող, որքան էլ դրա դեմ պայքարի կոչող Ելք-ի անդամները հայրենասեր ու գեղեցիկ լինեն: Մեր ժողովուրդը իր 30 հազարանոց թոշակով կարողանում է սառնարան էլ գնել, դեռ երիտասարդ որդիների հիփոթեքն էլ ամեն ամիս փակել: Որդիներն էլ իրենց հերթին մոտ հարյուր հազար դրամ աշխատավարձով մեքենաներ են գնում, ու ամեն ամառ գնում Բաթումի՝ հանգստանալու: Սրան զուգահեռ երկրում զարգանում է ՏՏ-ն, աճում է ՀՆԱ-ն, բացվում են զիփլայներ, իշխող կուսակցության նոր գրասենյակներ, իրար հետեւից կառուցվում են բնակելի շենքեր, որոնք դեռ պատրաստ չեն, բայց ազատ բնակարան չունեն, ու մի խումբ մարդիկ միշտ պայքարում են ինչ-որ բաների դեմ: Մենք բոլորս հոգով նրանց հետ ենք, բայց իրականում շտապում ենք աշխատանքի, որպեսզի ստանանք ամսական 75 հազար դրամ աշխատավարձը, որ փակենք հիփոթեքը, վարկերը, երեխայի համար թթվասեր ու կարագ գնենք, ուրբաթ ընթրենք ռեստորանում, շաբաթ թատրոն գնանք, կիրակի՝ կինո ու գիշերները հանգիստ ու երջանիկ քնենք՝ մեր շատ ապահով Հայաստանում, որտեղ ոչ ահաբեկիչներ կան, ոչ էլ գներն էլ անտանելի բարձր:

Ահա Հայաստանը եւ նրա պայքարը գնաճի դեմ: Ի դեպ, պայքարի մասին, մեզ խաբել են. իրականում մենք դարեր ի վեր չենք պայքարել, մենք դարեր ի վեր յոլա ենք գնում: Ով էլ չի դիմանում, երկու ճանապարհ ունի, կամ սկսում է բուժվել, ինչը բավականին թանկ է, կամ էլ ինչ ունի վրան գրում է վաճառվում է:

Իսկ վաճառելը միակ գործողությունն է, երբ թանկացումը լավ է:

Հովիկ Աֆյան

Հովիկ Աֆյան

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին, Աբովյան ք...