Կառավարութիւնը իր այսօրուայ` Մարտ 3-ի նիստին որոշում կայացուց Ռոպերթ Ղուկասեանը, որ նախապէս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի խորհրդականն էր եւ կը համակարգէր կառավարութեան ծրագրերը Սիւնիքի մարզին մէջ, նշանակել Սիւնիքի մարզպետ:
Մինչ այդ այդ պաշտօնէն ազատուած էր Մելիքսեթ Պօղոսեանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը շնորհակալութիւն յայտնեց Մելիքսէթ Պօղոսեանին մարզպետի պաշտօնին մէջ իր աշխատանքին համար. «Ես համոզուած եմ, որ պարոն Պօղոսեանի ներուժը կը ներգրաւենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասեանը, գիտէք, այս ընթացքում Սիւնիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է եղել, եւ մենք այսպիսի առաջարկ ունենք, որ լիազօրենք նրան այդ աշխատանքները շարունակել Սիւնիքի մարզպետի կարգավիճակում», ըսաւ ան:
Ղուկասեան շնորհակալութիւն յայտնեց Սիւնիքի մարզպետի պաշտօնը իրեն վստահելու համար. «Արդեն մէկ տարուց աւելի է, որ աշխատանքային խումբն աշխատում է Սիւնիքի մարզում եւ բազմաթիւ խնդիրներ են այնտեղ լուծուած: Դեռ շատ անելիքներ ունենք:
Վստահեցնում եմ ձեզ, որ կ'անեմ առաւելագոյնը, որ արդարացնեմ Սիւնիքի ազգաբնակչութեան, ինչպէս նաեւ ձեր սպասելիքները», ըսաւ Ռոպերթ Ղուկասեան: