«Ընդամէնը Օգոստոսի եօթին ՀՀ պաշտպանութեան նախարար Արշակ Կարապետեանը յոխորտում էր. «Եթէ փորձեն ներթափանցել մեր տարածք, հրամայել եմ ոչնչացնել, բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները»։ Այս խօսքերից 20 օր անց ատրպեճանական կողմը երէկուանից Սիւնիքում երկու կարեւոր նշանակութեան ճանապարհ է փակել, որից մէկը՝ միջպետական՝ Հայաստան-Իրան:
Եւ մինչ խորհրդարանում ՔՊ-ական տղամարդիկ փորձում են իրենց ուժը ցոյց տալ, Նիկոլ Փաշինեանն էլի նախկիններին եւ բոլորին մեղադրում է բոլոր հարցերում, թշնամին աւելի է հաստատուում Հայաստանում եւ փորձում իրականացնել Զանգեզուրեան միջանցքի ծրագիրը:
Իսկ ինչի՞ց է սկսուել միջադէպը. Պաքուի զինուորականները երէկ եւ այսօր փակել են այդ ճանապարհի երկու հատուածները՝ իբր ի պատասխան իրենց զինուորականների դանակահարութեան, ինչը ՀՀ ՊՆ-ն հերքում է: Եւ այստեղ հետաքրքիր է, որ տեղի ունեցած այդ միջադէպի մասով հակասական տեղեկութիւններ են առկայ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրոյցում նաեւ ռուս վերլուծաբան Մոտեսթ Քոլերովը յայտնեց, որ տեղեկութիւններ կան այն մասին, որ միջադէպ է եղել ռուս եւ ատրպէյճանցի զինուորականների մասնակցութեամբ: Սակայն ե՛ւ այդ, ե՛ւ հայերի մասնակցութեամբ որեւէ միջադէպի մասով դեռ պաշտօնապէս տեղեկութիւն առկայ չէ: Ամէն դէպքում, ռուս վերլուծաբանը եւս նկատեց, որ մինչ Հայաստանի ներքին կեանքում անհանգիստ վիճակ է, Ատրպէյճանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը:
«Այս իրավիճակը կարող է շարունակուել տարիներով: Անգամ եթէ Ռուսաստանի մասնակցութեամբ բանակցութիւնները հենց վաղն էլ մեկնարկեն, դրանց աւարտի համար կարող են տարիներ պահանջուել: Այդ ամբողջ տարիների ժամանակ Ատրպէյճանը կը յարձակուի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները։ Եթէ պաշտպանէր, ապա այնտեղ որեւէ ատրպեճանական զօրք չէր լինի»,- նկատեց նա:
Խօսելով այն հանգամանքի մասին, որ հայ-իրանական սահմանն է վտանգի տակ՝ Քոլերովը նկատեց, որ վերջիններս ողջունել են Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան վերականգնումը, եւ այդ մասով Իրանի վրայ յոյս դնել պէտք չէ՝ միեւնոյն ժամանակ կրկին ընդգծելով, որ Ռուսաստանը պատրաստ է սկսել եռակողմ բանակցութիւններ եւ հիմա էլ դրանով է զբաղուած:
Մեզ մնում է արձանագրել, որ մեր հայրենիքը օրէցօր փոքրանում է»: