image

ՔՊ բարձրաստիճան անդամներ արդէն իսկ ներքին ուղերձներ կը յղեն, թէ ինչպէս կրնան միանալ մեզի. Բագրատ Սրբազան

ՔՊ բարձրաստիճան անդամներ արդէն իսկ ներքին ուղերձներ կը յղեն, թէ ինչպէս կրնան միանալ մեզի. Բագրատ Սրբազան

«Չի կարելի մեր կեանքի հաշուոյն իրենց տաքուկ սենեակներում նստած որոշումներ կայացնեն»,- այս մասին լրագրողներու հետ զրոյցին ըսած է Կիրանցէն դէպի Երեւան քաղաքացիներու քայլերթն առաջնորդող Բագրատ Սրբազանը։

Պատասխանելով եկեղեցւոյ՝ քաղաքականութեամբ զբաղելու մասին հնչած յայտարարութիւններուն, Սրբազանն արձագանգած է՝ «իսկ մեր երկրում կա՞յ քաղաքականութիւն։ Մեր երկրում չկայ քաղաքականութիւն, կայ քմահաճոյքներով, պարտադրանքներով, այլ մեթոտներով գործող մի կառուցուածք երեւի»,-ըսած է ան։

Տաւուշի թեմի առաջանորդի խօսքով, այս երթը եւ գոյն չունի, եւ միաժամանակ բազմագոյն է։

«Այս շարժումը եռագոյնի շարժումն է։ Ովքեր դրա մաս են կազմում՝ կուսակցութիւն են, կազմակերպութիւն են, անհատ են, ընտանիք են...գնացէք իւրաքանչիւրին հարցրէք, ի՞նչ նշանակութիւն ունի եռագոյնը։ Սա հայ մարդու լինելութեան, գոյութեան մասին է, ստի պարտութեան, ճշմարտութեան յաղթանակի մասին է։

Մենք ստով կերակրուած ժողովուրդ ենք, թշնամութեամբ, ատելութեամբ կերակրուած ժողովուրդ ենք։ Այսօր տանը մարդիկ չեն կարողանում երկու բառ խօսել, դրա պատասխանատւութիւնն ո՞ւմ վրայ է։ Համացանց մտէք, այսօր մարդկանց զրկել են իրենց տեսքով, ինքնուրոյն նկարագրով արտայայտուելուց, դարձրել են կեղծ, զուտ գրող, փողով գրողներ։ Սա է իրականութիւնը։ Սա մեզ յարի՞ր է, պէ՞տք է։ Ոչ։ Սիրելի ժողովուրդ, սա ձերն է, եկէք, միացէք։ Այս շարժման հիմնական առանցքը դա է։

Մենք ասում ենք, որ սա (սահմանազատում-խմբ.) ապօրինի, հակաօրինական գործընթաց է, պէտք է դադարեցուի։ Չորս տարի առաջ եմ ասել՝ չի կարող լինել այդպիսի բան, որ մեր կեանքի հաշուոյն իրենց տաքուկ սենեակներում նստած որոշումներ, վճիռներ կայացնեն։ Էն ժամանակ էլ ասեցին՝ քաղաքականութիւն-մաղաքականութիւն։ Ճիշդ ենք անում, եթէ խառնւում ենք քաղաքականութեանը, դուք չէք կարողանում, դրա համար էլ մենք ենք խառնւում։ Սա իմ երկիրն է, իմ հայրենիքն է, իմ ընկերների, իմ եղբայրների, ես կուսակից ընկեր ունեմ, որին յուղարկաւորել եմ այս հայրենիքի համար։

Սա է իրականութիւնը, կամ պէտք է ունենանք պետութիւն, որը գլուխը բարձր ապրում է՝ բոլոր տառապանքներով, դժուարութիւններով՝ յաղթանակի միտուած, կամ էլ պէտք է վերանանք գնանք»,-ըսած է ան։

Արքեպիսկոպոսը նաեւ նշած է, որ այս օրերուն ՔՊ-էն ուղերձներ կը ստանան.

«Իրենք մնացին փողոցում, փողոցից չհասան տուն, չհասկացան, թէ իրենք ով են, որտեղ են գտնւում, մնացին թքելով,  չհասկացան, թէ իրենց գործունէութեան հետեւանքով մարդկանց կեանքը ինչ աղէտների է մատնւում, հայհոյանքով մնացին, ականջ կտրող, լեզու կտրող մնացին։ Փետուրներով վեր են կենում, ամպիոնից խօսում են, յետոյ գնում են խմելու ժամանակ իրար պատմում են։  Լրիւ ինֆորմացիաները մեզ հասնում է հենց իրենց միջից։

Ասեմ ձեզ, որ իրենց «Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան անդամները, որոնց ողջունում եմ,  արդէն իսկ ներքին ուղերձներ են մեզ յղում, թէ ինչպէս կարող են միանալ։ Սա էլ իրենց պատգամ, թող հիմա մտածեն դրա մասին։ Սրա մասին չէի ուզում ասել, տղէք, չվախենաք, ոչինչ»։