image

Պոլսում պատրիարքական ընտրության օր է որոշվել մայիսի 28-ը

Պոլսում պատրիարքական ընտրության օր է որոշվել  մայիսի 28-ը

Քիչ առաջ Ստամբուլի Գումգափու շրջանում գտնվող հայոց պատրիարքարանում ավարտվեց պոլսահայ ազգային և կրոնական ազդեցիկ գործիչների փակ ժողովը, որի ժամանակ, ըստ Պոլսից ստացված տեղեկությունների, պատրիարքական ընտրության օր է որոշվել մայիսի 28-ը: Մեկ այլ տեղեկությամբ,  սպասվում է պատրիարքական տեղապահի ընտրություն:

Մանրամասներ՝ ժողովից.

Այսօր Պոլսո հայոց պատրիարքարանում կայացած արտահերթ ժողովին ժամանակ համայնքի ազդեցիկ դեմքերը ընդունել են հայտարարություն, որով փորձ է արվել մեղմել համայնքում ստեղծված թեժ իրավիճակը: Իրավիճակն ավելի չսրելու համար, Արամ արք. Աթեշյանն ու նախօրեին նրա հասցեին կոշտ հայտարարություններ կատարած Սահակ եպս. Մաշալյանը համատեղ արձանագրության շուրջ համաձայնություն են կազմել: Ըստ մեր տեղեկությունների, արձանագրության մեջ նշվում է, որ վաղը՝ փետրվարի 17-ին տեղի է ունենալու  տեղապահի ընտրություն, իսկ հաջորդ օրը կազմվելու է պատրիարքական ընտրությունները նախապատրաստող հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկվելու են համայնքի նշանավոր անդամներ ու հոգեւոր խորհրդի ներկայացուցիչներ: Ընտրված  տեղապահը զբաղվելու է ընտրության հարցերով, իսկ Արամ Աթեշյանը որոշել է չմիջամտել գործընթացին, նա շարունակելու է իր գործը: 

Առաջիկա օրերին ընտրություն անցկացնելու մասին նամակ է ուղարկվելու նաև նահանգապետարան, ինչը մինչ այժմ հետաձգվում էր և ինչի շուրջ էլ տեղի էին ունենում տարաձայնությունները: