ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները մասնակցած են Ազատութեան հրապարակին մէջ ընթացող հանրային քննարկումներուն: Անոնք մասնաւորապէս անդրադարձած են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններու մասին խորհրդարանական լսումներ կայացնելու իրենց առաջարկը իշխանութիւններուն կողմէ մերժելուն:
«Այն պատճառաբանութիւնը, որը նրանք են բերում, ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները: Լսումների կազմակերպումը պարտաւորութիւն է, որը պէտք է իրականացուի: Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրութեան, օրէնքների խախտում է: Այսինքն, նրանք ասում են` տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրութիւնն ու օրէնքները», ըսաւ Արմէն Ռուստամեանը:
Ան ընդգծեց, որ Թուրքիան եւ Ատրպէյճանը հակահայկական ծրագրեր կ'իրականացնեն, անոնք պէտք է արձագանգի արժանանան:
«Դրանց համարժէք չարձագանգելը, չգծելն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ՀՀ-ն չի պատրաստւում որեւէ զիջում անցկացնել, նշանակում է սպասարկել թուրք-ատրպէյճանական տանդեմի շահերը: Ապօրինի արգելափակելով, խոչընդոտելով լսումները` նրանք եւս մէկ անգամ ընդգծեցին, որ մեր մտահոգութիւնները, որ այս իշխանութիւններն իրենց քայլերով, ըստ էութեան, եկել են սպասարկելու թուրք-ատրպէյճանական շահերը, եւս մէկ անգամ է արձանագրւում», ըսաւ Ռուստամեան: