image

«Մաշտոց» ծիսամատյանը

«Մաշտոց» ծիսամատյանը

«Մաշտոցը» Հայ եկեղեցու կարևորագույն ծիսամատյաններից է, որը բովանդակում է ծիսական արարողությունների կանոնները:

Այն կազմավորվել է 5-րդ դարում Սահակ Պարթև կաթողիկոսի հրամանով ու նախաձեռնությամբ և ի սկզբանե կոչվել է «Օրհնությունաբեր Ցուցակ»:

Համաձայն պատմիչ Կիրակոս Գանձակեցու՝ 9-րդ դարում Մաշտոց Եղիվարդեցի կաթողիկոսը, խմբագրելով «Օրհնությունաբեր Ցուցակ»-ը, կազմում է Մաշտոց ծիսարանը: Այս ծիսամատյանում տեղ են գտել մարդկային կյանքի հանգուցակետերին վերաբերող ծիսական արարողություններ (մկրտություն, պսակ, թաղում), երկրագործության հետ կապված ծեսեր (սերմի, հնձանի, ջրհորի օրհնություն, անդաստան ևն), տարբեր հոգևոր-բարեպաշտական արարողություններ (ջրօրհնեք, խաղողօրհնեք, տնօրհնեք, մատաղի և հացի օրհնություն), ինչպես նաև եկեղեցականների տարբեր աստիճանների ձեռնադրության կանոններ, թագավորի օծման կարգ, մեռօնի օրհնություն և այլ արարողություններ:

Վերջին շրջանում ընդունված է «Մաշտոցը» բաժանել հետևյալ երեք տեսակների՝ Փոքր կամ Ձեռաց Մաշտոց (բովանդակում է քահանայի կողմից կատարվող կանոնները), Մայր Մաշտոց (բովանդակում է եպիսկոպոսի կողմից կատարվող կանոնները), և Հայր Մաշտոց (բովանդակում է կաթողիկոսի կողմից կատարվող կանոնները՝ մեռօնի օրհնություն, եպիսկոպոսի ձեռնադրություն, թագավորի օծում, ինչպես նաև՝ կաթողիկոսի օծում):

 

Մատենադարան