image

Մահացել է Համաստեղի դուստրը՝ Լորիկ Համաստեղը

Մահացել է Համաստեղի դուստրը՝ Լորիկ Համաստեղը

ԱՄՆ-ում 84 տարեկանում մահացել է սփյուռքահայ նշանավոր արձակագիր  Համաստեղի՝ Համաստեղ Կելենյանի դուստրը՝ Լորիկ Համաստեղը: 

Լորիկ Համաստեղը (Լորետա Անահիտ Կելենյան) ծնվել է 1939 թվականի հունվարի 20-ին, հասակ առել եւ դպրոցական ու համալսարանական ուսում ստացել ԱՄՆ-ում: 

Այնուհետեւ գրողի դուստրը, հայերեն սովերելու նպատակով, փոխադրվել է Բեյրութ եւ հաճախել Նշան Փալանջյան ճեմարան:

Ինչպես նշվում է armenianweekly-ի՝ նրա մահվան առթիվ լույս տեսած հիշատակի խոսքում, ԱՄՆ-ում Լորիկ Համաստեղը երկար տարիներ աշխատել է տարբեր հեղինակավոր կրթական ու այլ կառույցներում,  ճանապարհորդել նաեւ աշխարհով մեկ, ծանոթացել նոր մարդկանց ու վայրերի, որոնք իրենց ազդեցությունն են թողել նրա բազմաբնույթ հետաքրքրությունների վրա: Հայտնի են հատկապես Լորիկ Համաստեղի տպավորիչ ուղեւորությունները դեպի Եգիպտոս, Սիրիա, Երուսաղեմ, Եվրոպայի խոշոր քաղաքներ, Խորհրդային Միություն, ինչպես նաև Հայաստան, Հոնկոնգ,  Բանգկոկ:

Համաստեղի մտավորական դուստրը կարեւորում էր նաեւ ԱՄՆ-ի հայ համայնքային կյանքը եւ ակտիվ էր նաեւ այդ առումով:

Եղել է Հայկական մշակութային միության հիմնադիր անդամներից։ Նա նաեւ ակտիվ անդամներից էր Բոստոնի Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Ընկերության,  եղել է Հայ Օգնության Միության (ՀՕՄ) գործադիր վարչությունում, որտեղ մեծ դեր է ունեցել քոլեջի տարիքի ուսանողների համար կազմակերպության Ամառային ուսումնասիրությունների ծրագրի սկզբնավորման գործում: Հետագայում եղել է Հայկական Վերածննդի ասոցիացիայի գործադիր տնօրեն։ Կելենյանը նաեւ հավատում էր քաղաքականապես ակտիվ լինելուն եւ եղել է Դեմոկրատների ազգային կոնվենցիայի պատվիրակ:

Լորիկ Համաստեղի հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությունները տեղի կունենան Մասաչուսեթսի Սբ. Ստեփանոս Հայ Առաքելական եկեղեցում, շաբաթ օրը՝ օգոստոսի 5-ին:

Հարազատները հայտնում են, որ եկեղեցական արարողություններին կհաջորդի հիշատակի ընթրիք՝ եկեղեցու սրահում, իսկ ծաղիկների փոխարեն առաջարկում են նվիրատվություններ կատարել Սբ. Ստեփանոս եկեղեցուն: