image

Լրացավ «ցեղասպանություն» բառի հեղինակի 120-ամյակը. Լեմկինն ու հայ ժողովուրդը

Լրացավ «ցեղասպանություն»  բառի հեղինակի 120-ամյակը. Լեմկինն ու հայ ժողովուրդը

Հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ, «ցեղասպանություն»  եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի 120-ամյակը լրացավ 2020-ին:  Լեմկինը ծնվել է  1900 թվականի հունիսի 24-ին՝  Լեհաստանի Բեզվոդնի շրջանում (ներկայումս Վոլկովսկի մերձակայքում:  Նա էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։

 Լեմկինն ունեցել է հարուստ կենսագրություն.  14 տարեկանում Լեմկինը տիրապետում էր 14 լեզվի, ներառյալ ֆրանսերենը, իսպաներենը, եբրայերենը, իդիշն  ու  ռուսերենը։ Բիալիստոկում պրոֆտեխուսումնարանն ավարտելուց հետո  սկսում է  լեզվաբանություն  ուսումնասիրել Լվովի Ջոն Կազիմիրի համալսարանում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լեմկինը շարունակում է ապրել ԱՄՆ-ում։ Սկսած 1948 թվականից նա Յելի համալսարանում դասախոսում է քրեական իրավունք։ Լեմկինը նաև շարունակում է իր պայքարը միջազգային իրավունքով ցեղասպանության սահմանման և արգելման համար, ինչի համար պայքարում էր 1933 թվականի Մադրիդի կոնֆերանսից։ Նա նմանատիպ պատիժ է առաջարկում մարդկության դեմ իրագործված հանցագործություների համար նաև 1945 թվականի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, սակայն նրա առաջարկությունը մերժվում է

 



 

Լեմկինը հետաքրքրվում էր այն հանցագործության բովանդակությամբ, որը հետագայում ներառվում է ցեղասպանության գաղափարի մեջ՝ սկսելով իր հետազոտությունը թուրքերի կողմից հարյուր հազարավոր հայերի անպատիժ կոտորածներով։ Թուրք պաշտոնյան, որ պաշտոնապես հրամայել էր կոտորածները, չէր դատվել, ի տարբերություն երիտասարդի, որ, ինչպես ենթադրվում է, սպանել էր նրան։ Լեմկինը տեղափոխվում է Գերմանիա` Հայդելբերգի համալսարան` փիլիսոփայություն ուսումնասիրելու և վերադառնում է Լվով՝ իրավունք ուսանելու համար՝ ավարտելուց հետո դառնալով Վարշավայի դատախազ։


 

Լեմկինը ցեղասպանություն եզրը հղացել է Լվովի համալսարանում ուսանելու տարիներին. Հայերի պատմության առանձնահատկությունների և հայերի կոտորածների վերաբերյալ Լեմկինի լրացուցիչ հետաքրքրությունը թերևս պայմանավորված էր նաև նրանով, որ երբ նա սովորում էր Լվովի համալսարանում, Լվովում գոյություն ուներ կենսունակ հայկական համայնք: Լվովի համալսարանում դասախոսում էին հայկական ծագում ունեցող դասախոսներ, բացի այդ Լեմկինի դասընկերներից շատերը հայկական ծագում ունեին։

Նա բնորոշել է ցեղասպանությունը իր “Axis Rule in Occupied Europe” գործում։ Ըստ դրա, ցեղասպանությունը ներառում էր այն, ինչը կարելի է համարել որպես ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հատկապես հոգեբանական ազդեցություններ։

Լեմկինը ներկայացնում է ցեղասպանության կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը մի շարք պետություների՝ ցանկանալով համոզել նրանց աջակցելու դրան։ ԱՄՆ-ի աջակցությամբ բանաձևը դրվում է Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ 1951 թվականին Լեմկինը միայն մասնակիորեն է հասնում իր նպատակին, երբ ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն բանից հետո, երբ 20 երկիր վավերացնում է այն։ Համաձայնագիրը ներառում է ցեղասպանության ֆիզիկական կողմը միայն, որը կոնֆենցիան բնորոշում է որպես գործողություններ՝  լիովին կամ մասամբ ոչնչացնելու նպատակով, ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբը։  Ըստ Լեմկինի, ցեղասպանություն եզրը ներառում է ոչ միայն ֆիզիկական, այլ հատկապես հոգեբանական ազդեցությունները: 

 

Լեմկինը մահացել է Նյու Յորքում, 1959 թվականին, 59 տարեկան հասակում։ Ճակատագրի հեգնանքով մարդու թաղմանը, ով իր կյանքը նվիրել էր ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին, ներկա էր ընդամենը յոթ հոգի: Սակայն նրա շիրմաքարի վրա հավերժ դաջված է իր ունեցած ներդրումը՝ մարդկության պատմության մեջ: