image

Կարգալույծ եղած հոգեւորականը պատասխանել է․ «Այո՛, ես շատ մեղավոր եմ, բայց մի՞թե քահանայի հագուստը կեղտոտած միակ հոգեւորականն եմ»

Կարգալույծ եղած հոգեւորականը պատասխանել է․  «Այո՛, ես շատ մեղավոր եմ, բայց մի՞թե քահանայի հագուստը կեղտոտած միակ հոգեւորականն եմ»

Ինչպես հայտնել էինք՝ Պոլսո հայոց Պատրիարքական Աթոռի կրոնական ժողովն այսօր միաձայն որոշում է ընդունել, ըստ որի աթոռի միաբաններից Հոգշ. Տ. Զաքեոս Ծ. Վարդապետ Օհանյանը կարգալույծ է արվել, ինչպես ասվում է հայտարարության մեջ՝  «լուրջ հոգեկան եւ մարմնական առողջական պատճառներու բերմամբ տեղի տուած է անբաղձալի, անընդունելի գայթակղութեան հետեւանքի»։   Նա անպատասխան է թողել նաեւ Կրոնական Ժողովի որոշմամբ իրեն ընձեռնված ապաշխարության առիթը, որ հոգեւորականին տրվել էր սահմանված ժամկետում։ Ուստի, ինչպես տեղեկացանք, նա այլեւս հոգեւորական չէ, դասվում է աշխարհականների շարքը եւ կոչվելու է իր իսկական անունով՝ Թորոս։

Որոշման հրապարակումից շատ չանցած՝ Տ. Զաքեոս Ծ. Վարդապետ Օհանյանը պատասխանել է կրոնական ժողովի հայտարարությանը: Թուրքերեն տեքստ է տարածել համայնքային էջերից TET Ajanda-ն (ստորեւ՝ հայերեն թարգմանությունը)։ 

«Իմ համայնքի hարգելի մեծեր, իմ սիրելի՛ եղբայրներ, քույրեր և բոլոր տարիքի ընկերներ։

Այսօր մեր Պատրիարքարանի Հոգևոր Ժողովի անդամները միաձայն որոշեցին ավարտել իմ մոտ 30 տարվա քահանայական ծառայությունը և ընդհանուր առմամբ 39 տարվա եկեղեցական կյանքս ու ծառայությունս։

Երբ նայում ենք եկեղեցու հայրերին և նրանց Սուրբ գրություններին ու աղոթքներին, նրանք իրենց երբեք «Սուրբ» չեն կոչում, այլ՝ «Շատ մեղավոր»։ Ես եկեղեցու հայր չեմ, բայց այո, ես շատ մեղավոր եմ և բացեիբաց խոստովանում եմ․ թող Տեր Հիսուս նախ ինձ և ինձ նմաններին ողորմի, ամեն։

Պետք է հատկապես նշեմ, որ ես կարող եմ մեղավոր լինել, և այդպես էլ կա, սակայն Թուրքիո Հայոց Պատրիարքարանի և համայնքի ամենաբարձր մարմինը՝ Հոգևոր Ժողովը, ինձ վերաբերող այս որոշումը կարող էր գոնե ավելի նրբանկատ, ավելի խղճով, իրեն վայել կերպով հայտարարել, ինչը գոնե ինչ-որ չափով կթեթևացներ իմ անձնական ցավը, ընտանիքիս, հարազատներիս, հազարավոր աշակերտներիս և սիրելիներիս ցավը։ Շատ եմ տառապել, դա պետք է ասեմ։ Եթե նպատակն ինձ լրիվ ամոթահար ու ծաղրի առարկա դարձնելն էր՝ ապա հաջողվել է։

Ես ստամբուլցի հայ եմ, մայրենի լեզուս հայերենն է։ Թուրքերենը սովորել եմ ընկերներիցս։ Ես Պեզճյանցի եմ, Դպրևանքեցի եմ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանն ավարտել եմ գերազանցությամբ, մագիստրատուրաս Վատիկանում՝ Omni Cum Laude գնահատականով, և դարաշրջանի Սրբազան Հոր ձեռքով եմ ստացել դիպլոմս։ Օրերս ու գիշերներս նվիրել եմ եկեղեցուն ծառայելուն, և այս ամենը գրելիս իսկապես ամաչում եմ… Բայց ամենակարևորը՝ ես Հայ քրիստոնյա եմ…

Միայն ե՞ս էի միակ փտած լոլիկը՝ զամբյուղում։ Բոլորը իրենց պատիժը կրեցին, հերթը վերջապես ինձ հասա՞վ։ Քահանայի հագուստը կեղտոտած միակ հոգևորականը ե՞ս էի։ Չկա՞ն ուրիշներ, ովքեր կեղտոտել են այդ սուրբ հանդերձը Թուրքիայի Հայոց Պատրիարքարանի շրջանակում։ Չկա՞ն իսկապես։ Մեծ սկանդալներով հայտնի, ժողովուրդին գայթակղության մատնած ուրիշներ չկայի՞ն, որ միայն իմ հանդեպ նման որոշում կայացվեց…

Այո, ես իսկապես մեղավոր եմ, իմ բազմաթիվ թերություններն ու սխալներն ունեմ։ Եկեղեցին ինձ դեռ 17 տարեկանում սովորեցրել էր, որ «Աստծու ողորմությունն ու սերը ամեն տեսակ մեղքից ու թերությունից ավելի մեծ է», և այդ տարիքում որոշեցի դառնալ քահանա։ Այդ ճշմարտությունը գուցե ոմանք մոռացել են, բայց ես չեմ մոռացել և չեմ մոռանա…

Այսօր իմ աստիճանները հանող Հոգևոր Ժողովն է տարիներ առաջ իմ հոգևոր հոր և ուսուցչիս՝ հանգուցյալ Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի օրոք, ինձ «Եպիսկոպոսի թեկնածու» ընտրածը և կրկին միաձայն հաստատածը… Որտեղի՞ց ուր…

Աստիճաններս հանվել են, սակայն ես դեռ Քահանա և Քրիստոնյա եմ։ Ես վատ լեզու չեմ բանեցնի իմ հայրական տան՝ Պատրիարքարանի վրա։ Այնտեղ է անցել իմ կյանքի երկու երրորդը։ Հոգևոր Ժողովի որոշումը հարգում եմ և մինչ մահս կհնազանդվեմ։ Հայ Եկեղեցուն և Պատրիարքարանին միայն մի բան կարող եմ ասել․ «Աղոթեցեք ձեր եղբոր համար»։

Ինձ սեր ու գիտելիք տված բոլոր կենդանի կամ հանգուցյալ հոգևոր առաջնորդներին, ընտանիքիս, Աստծու ժողովրդին ու եկեղեցուն շնորհակալություն եմ հայտնում և այս անգամ նրանցից ներողություն եմ խնդրում՝ նրանց ցավեցրած լինելու համար։ Ներեցեք ինձ և աղոթեցեք ինձ ու իմ նմանների համար։

Մի կտակ էլ ունեմ․ խնդրում եմ, երբ իմ ժամանակը գա և այս աշխարհից հեռանամ, իմ գերեզմանի վրա գրեք․

«Զաքէոս Ծ. Վրդ. Օհանեան»,

քանի որ ես այս անունը Տեր Հիսուս Քրիստոսից եմ ստացել։

Ես նաև խնդրում եմ ձեզ չխառնվել Պատրիարքի, Պատրիարքարանի կամ Հոգևոր ժողովի գործերին: Մի՛ բարձրացրեք ձեր ձեռքը և վատ մի՛ խոսեք մեր սրբությունների մասին:

Իմ հարգարժան համայնք, ներիր ինձ: Ստամբուլից Հայր Զաքեոսը եկավ և գնաց, այդքանը:

Ես կրկին ներողություն եմ խնդրում ձեզնից յուրաքանչյուրից: Խնդրում եմ ներեք ինձ:

Ցտեսություն:

Նորից ու նորից ներողություն եմ խնդրում ձեզանից, ներեցեք ինձ, խնդրում եմ։

Հրաժեշտ եմ տալիս

Թորոս Օհանյան (Տեր Զաքեոս Օհանյան)»: