image

«Հայերի ու արաբների միջեւ պատմական կապ կա». Խալեդ ալ Ֆադլի

«Հայերի ու արաբների միջեւ պատմական կապ կա». Խալեդ ալ Ֆադլի

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին ներկայացրել է «Լեզվի եւ մտքի դիալեկտիկան եւ արաբերենի քերականական եզրույթների ծագումը» թեմայով դասախոսություն, տեղեկանում ենք Երեւանի պետական համալսարանի Արաբագիտության ամբիոնից: 

Համալսարանում կազմակերպվող այսօրինակ դասախոսությունները հնարավորություն են տալիս լեզվակիրներից տեղեկանալու արաբերենի քերականության արդի զարգացումների մասին, ինչպես նաեւ ծանոթացնում են արտերկրում ուսանելու հնարավորություններին ու հեռանկարներին։

Երեւանի պետական համալսարանի կայքին ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանն ասել է, որ նմանօրինակ դասախոսությունները նպաստում են լեզվի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

Անդրադառնալով Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնի հետ համագործակցությանը՝ ամբիոնի վարիչը նշել է.

«Այս դասախոսությունը խորհրդանշական է, քանի որ համավարակից հետո գործակցային կապը, կարելի է ասել, փոքր-ինչ թուլացել էր, եւ այս դասախոսությունը նաեւ ուղղված էր այդ կապը վերստին ամրապնդելուն: Դրանից զատ՝ սա լավ հնարավորություն է հատկապես այն ուսանողների համար, որոնք առիթ չեն ունեցել շփվելու լեզվակիրների հետ»: 

Քուվեյթի համալսարանի լեզվի կենտրոնի տնօրեն Խալեդ ալ Ֆադլին  նույնպես կարեւորել է նման հանդիպումները, ԵՊՀ կայքին ասելով, որ փոխանակման ծրագրերը հնարավորություն են տալիս արաբերենին լավ տիրապետող հայ ուսանողներին՝ արտերկրում ներկայացնելու Հայաստանը եւ հայոց մշակույթը:

«Հայերի ու արաբների միջեւ պատմական կապ կա, որը կարող է ամրապնդվել նաեւ ուսանողների փոխանակման ծրագրերի շնորհիվ: ԵՊՀ-ն այս կապի զարգացման գործում մեծ դեր ունի»,- նշել է Խալեդ ալ Ֆադլին:

Անդրադառնալով դասախոսության թեմայի արդիականությանը՝ նա ասել է, որ քերականությունը երբեմն առավել բարդ է թվում, եւ ներկայացրել քերականության ուսուցման առավել դյուրին եղանակները:

Բանախոսը նաեւ ասել է, որ Քուվեյթում մեծ է հայերենով հետաքրքրվածների թիվը:

«Քուվեյթում կա հայ համայնք, եւ դա այն գլխավոր գործոններից է, որ հիմք է դարձել՝ քննարկելու Քուվեյթի համալսարանում հայերենի ուսուցման կենտրոն բացելու հնարավորությունները»,-ասել է Քուվեյթից ժամանած հյուրը: