Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը՝ այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Այս մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցունակության բարձրացմանը՝ մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտին վարչապետը նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար:
«Այս համատեքստում, կցանկանայի նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։
Այս կապակցությամբ ցանկանում եմ ողջունել Ադրբեջանի Հանրապետության նախագահի որոշումը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։
Սա մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման շրջանակներում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է»,- ասել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ համաշխարհային պարենային շուկաների բարձր անկայունության պայմաններում ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական համակարգերի կայունությունն առանձնահատուկ կարևոր է տնտեսական կայունության ապահովման համար։
«Կոնկրետ արդյունքների հասնելն ուղղակիորեն կախված է համաձայնեցված գործնական միջոցառումների իրականացումից, ներառյալ՝ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, ինչպես նաև համատեղ արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման ճանապարհային քարտեզի իրականացման համատեքստում կարծում ենք, որ նպատակահարմար է հետագա փուլերում կենտրոնանալ թվային լուծումների հետևողական ներդրման վրա՝ ապահովելով անդամ-պետությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիական մոտեցումների համատեղելիությունը։ Սա կնպաստի էլեկտրոնային առևտրի գործընթացների պարզեցմանը և թվային միջավայրի կայուն զարգացմանը։
Թվայնացման շրջանակներում կարևորում ենք տարբեր, այդ թվում՝ մաքսային և տրանսպորտային ոլորտների թվային վերափոխմանը նպաստող նախաձեռնությունների իրականացումը։
Միևնույն ժամանակ, կիբերանվտանգության ոլորտում առաջնահերթություն պետք է տրվի տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծմանը, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացմանը և կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների և մեթոդաբանությունների մշակմանը։
Նման համապարփակ մոտեցումը կնպաստի վստահության ձևավորմանը, թվային միջավայրի անվտանգության բարձրացմանը և գործընթացների անվտանգ և արդյունավետ գործունեության ապահովմանը»,- ասել է վարչապետը։