image

Հայաստանի գիտնականները Հայ օգնության ֆոնդի կողմից ստացան 22 դրամաշնորհ

Հայաստանի գիտնականները Հայ օգնության ֆոնդի կողմից ստացան 22 դրամաշնորհ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում երեկ կայացել է Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը, տեղեկանում ենք ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

125 գիտական հայտերից ANSEF-ի հետազոտական խորհուրդն ընտրել է 22-ը: Գիտական խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 70-ն է։ Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհները նախատեսված են կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար: 

Հայ օգնության ֆոնդի փոխտնօրեն, ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը նշել է, որ անցած 23 տարիների ընթացքում ներկայացվել են 3292 դիմում-առաջարկներ: Դրամաշնորհներ են ստացել 589 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 2170 գիտնականներ: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3 միլիոն դրամ։

ANSEF-ի կրթական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը դրամաշնորհների հավաստագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտից Լիլիթ Դարբինյանին, Զարուհի Կարաբեկյանին, ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնից Աննա Զաքոյանին, Լուսինե Դանիելյանին, Անի Պալոյանին, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտից Մերինե Սարգսյանին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտից Վահրամ Սերոբյանին, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտից Նարինե Խաչատրյանին, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից Սերգեյ Ամիրխանյանին, Տիգրան Քոթանջյանին, Մարինե Սամսոնյանին, Երևանի պետական համալսարանից Անուշ Ասատրյանին, Աստղիկ Ղազարյանին, Լևոն Հարությունյանին, Արմինե Քոսյանին, Վադիմ Օհանյանին, Հովիկ Փանոսյանին, Արամ Սահարյանին, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Տիգրան Պետրոսյանին, Հայաստանի ամերիկյան համալսարանից Քնար Խաչատրյանին, Հայ-Ռուսական համալսարանից Գրիգոր Մանթաշյանին։ 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շնորհիվ դրամաշնորհ ստացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի գիտաշխատող Նաիրա Սահակյանը։