Կիմ Գաբրիելյան. Այսօր Հրաչյա Բեգլարյանը կդառնար 90 տարեկան։ Օրինակելի մարդու ուրույն տեսակ էր՝ բնավորությամբ, տաղանդով, կենսակերպով եւ անգամ մազերի սանրվածքով։
Լեւոն Խեչոյանը նրան Ղարաբաղի Առյուծ էր անվանում եւ հենց այդ անվամբ էլ դիմում էր Հրաչյային։ Եվ իրոք, նման էր առյուծի, մանավանդ երբ զայրանում էր։ Խաղաղ մարդ էր, բայց անարդարության դեմ՝ անողոք։ Իր իսկ գրած «Ղարաբաղցին» հրաշալի բանաստեղծության ուղղակի մարմնացումն էր։ Չգիտեմ, այսուհետեւ այդ երգը կերգվի՞ նախկին ոգևորությամբ ու պաթոսով, բայց որպես բարձրաժեք գրական ստեղծագործություն, հաստատ մնալու է։
Ստեփանակերտում լինեինք՝ գրողներով ու նրա գրչի երկրպագուներով կգնայինք շիրմին ծաղիկ դնելու։ Կխոսեինք, կպատմեինք, կհիշեինք։ Հիշելու շատ բան կա․ նույն աշխատասենյակում, գրասեղանները՝ դեմ-դիմաց, երբևէ միասին աշխատել ենք։ Կյանքի դասեր էր տալիս, օգտակար խորհուրդներ։ Ստիպում էր իրեն անունով դիմել, չնայած մեր տարիքային պատկառելի տարբերությանը։
Ասում են՝ ջահել տարիներին ընկերների համեմատ աղքատ էր ապրում, համեստ կենցաղով։ Չգիտեմ, գուցե բազմանդամ ընտանիքի հոգսառատությունը նկատի ունեին, բայց ես նրան միշտ տեսել եմ մաքուր եւ կոկիկ հագնված, առատաձեռն ու ինչպես ինքն էր սիրում կրկնել՝ փեոդալի նման։ «Ֆ» տառը «փ» էր արտաբերում, արցախյան առոգանությամբ։
Նրա գրչի տակից դուրս եկած բոլոր գրառումները հրատարակվել են գրքերի տեսքով։ Փեսա-դուստր-որդի համատեղ ջանքերով է ամբողջացել «Արցախ-նամե»-ն, որի հատորներում բովանդակվում են լրագրողական, գեղարվեստական, պատմաճանաչողական թեմաներով հեղինակած գործերը։ Շուրջ կես դար ընդգրկող հոգեւոր հարուստ ժառանգություն է դա, որն հատկապես հիմա, Արցախը կորցնելուց հետո, լուրջ հետազոտման ու արժեւորման կարիք ունի։
․․․Երկնային ծնունդ շնորհավոր, մեր ավագ ընկեր։ Մենք քեզ չենք մոռացել, եւ հիմա էլ իրար տեսնելիս՝ գրչընկերներով հաճախ իրար ողջունում ենք հրաչյաբեգլարյանական քո հայտնի կանչով․
-Ա՜, շտեղը՞ս․․.
01.05.2024
Ղարաբաղցին
Խոսք. Հրաչյա Բեգլարյան
Երաժշտություն. Ալեքսեյ Հեքիմյան
Պատվել գիտի միշտ իր հյուրին,
Գիտի գինը աղ ու հացի,
Միշտ հյուրասեր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց ղարաբաղցին:
Ուր էլ լինես իմ բարեկամ,
Դու նրա հետ ընկերացիր,
Վատ ընկերոջ համար անգամ
Կյանքը կտա ղարաբաղցին:
Կռվում լինի աշխատանքում,
Խիզախում է ինչպես արծիվ,
Վաստակն արդար,խիղճը մաքուր,
Արդարադատ ղարաբաղցին:
Մշակ է նա ու շինարար,
Բայց հասարակ մարդ մի կարծիր,
Գիտնական է ու զորավար,
Բազմավաստակ ղարաբաղցին:
Խաղաղ է նա համբերատար,
Բայց թե հոգով դու դառնացրիր,
Ամպի նման կորոտա նա,
Շանթ ու կրակ ղարաբաղցին: