image
Հրատապ լուրեր:

Եթէ մեր տեսլականն իրական Հայաստանը չէ, խաղաղութիւնը հնարաւոր չի լինելու․ Փաշինեան

Եթէ մեր տեսլականն իրական Հայաստանը չէ, խաղաղութիւնը հնարաւոր չի լինելու․ Փաշինեան

24 Մայիսի երեկոյեան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղերձով մը անդրադարձաւ Հայաստանի ռազմավարական տեսլականին:

Խօսելով Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան սահմանապահ զօրքերուն կողմէ Հայաստանի պետական սահմանի Տաւուշի մարզի կարգ մը հատուածներու պահպանութեան ստանձնման մասին՝ ան ըսաւ. «Սահմանազատման այս գործընթացը հասկանալիօրէն վերջին ամիսների ամենաքննարկուող թեման է, եւ կարեւոր եմ համարում, որ մեզնից իւրաքանչիւրը, իւրաքանչիւր քաղաքացի յստակ պատասխան ունենայ հետեւեալ հարցերի. ի՞նչ է կատարւում մեր երկրում, ի՞նչ է կատարւում մեր երկրի հետ, ինչո՞ւ է կատարւում այդ ամէնը եւ որո՞նք են այս կէտից հետագայ ընթացքի հնարաւոր սցենարներն (բեմագրութիւնները) ու այլընտրանքները:

«Առանցքային գործօնը, որից բխում են ընթացիկ գործընթացները, այն ռազմավարութիւնն է, որ ՀՀ կառավարութիւնը դրել է իր աշխատանքային սեղանին: Դա իրական Հայաստանի ռազմավարութիւնն է, այն Հայաստանի ռազմավարութիւնը, որի ոսկեգոյն քարտէզ-պատկերն ամէն առիթով բոլորիդ ցոյց եմ տալիս: Ահա, այս Հայաստանի մասին է խօսքը:

«Իսկ ինչու պիտի այս քարտէզը բանավէճեր յարուցի, կրքեր բորբոքի: Մի պարզ պատճառով. ոչ միայն նախորդ 33 տարում, այլեւ դրանից առաջ էլ մեր սոցիալ (ընկերային)-հոգեբանութեան օբյեկտը (տուեալը), նպատակն ու նպատակակէտն ա՛յս Հայաստանը չի եղել: Ու սրա համար եղել են օբյեկտիւ (առարկայական) պատճառներ: Այդ պատճառներից առանցքայինը դարերով պետութիւն չունենալու մեր ազգային դժբախտութիւնն է, որն ինքնին պիտի մեր գիտակցութեան ու ենթագիտակցութեան մէջ վառ պահեր պետականութիւնը վերականգնելու երազանքը, ինչը մեր ազգային ինքնութեան կարեւորագոյն բաղադրիչն է եղել:

«Բայց պետութիւն երազելիս` մենք յենուել ենք այն յիշողութիւնների վրայ, որոնք բխել են նախկինում մեր ունեցած պետական աւանդոյթից. Երուանդունիների Հայաստան, Արտաշէսեան Հայաստան, Արշակունեաց Հայաստան, Բագրատունեաց Հայաստան, Կիլիկեան Հայաստան: Այդ Հայաստաններն իրենց տարածքով, երբեմն աշխարհագրական դիրքով նոյնական եւ համադրելի չեն եղել իրար հետ, ինչը Հայաստանի մասին մեր պատկերացումների կոնկրէտացման (ճշգրտման) եւ առարկայացման օբյեկտիւ խոչընդոտ է դարձել: Սա կարող է էական չթուալ, բայց պատկերացրէք` դուք ուզում էք տուն կառուցել, բայց վստահ չէք, թէ որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն էք ուզում կառուցել: Մինչեւ այս հարցերում ձեր պատկերացումները չկոնկրէտանան, դուք չէք կարող կառուցել այդ տունը եւ շինարարութեանն ուղղուած ձեր ջանքերը երբեք չեն առարկայանայ»:

Ապա ան խօսեցաւ Հայաստանի Հանրապետութիւններուն եւ անոնց ընթացքին կատարուածներուն մասին.

«Առաջին Հանրապետութեան գոյութեան կարճ ընթացքում, մենք չհասցրեցինք կոնկրէտանալ Հայաստանի Հանրապետութեան մասին մեր պատկերացումներում:

«Երկրորդ Հանրապետութիւնը սովետականն էր, որն ինքնիշխան պետութիւն չէր, այլ ԽՍՀՄ կազմում գտնուող երկիր, եւ այս փաստի բերումով թշնամական միջավայր էր անկախութեան եւ անկախ Հայաստանի մասին մտածելու համար: Նման մտքեր ու մտածումներ ունեցողները ենթարկւում էին քրէական հետապնդման եւ սպառնալիք էին Խորհրդային Միութեան անխախտութեան համար: Խորհրդային Միութիւնը խթանում էր հայկական ԽՍՀից դուրս հայրենիք փնտռելու բանաձեւը հայերիս շրջանում:

«Այս եւ մի շարք այլ գործօնների բերումով հայրենիքի փնտռտուքը դարձաւ հայերիս ենթագիտակցութեան յենասիւներից մէկը: Հայրենիքում հայրենիք փնտռելու այդ բանաձեւն անվնաս էր Խորհրդային Միութեան համար, որովհետեւ պետականութեան վերստեղծման երազանքներն ուղղորդում էր հայկական ԽՍՀից, երբեմն ընդհանրապէս ԽՍՀՄ տարածքից դուրս ու նաեւ դառնում աշխարհաքաղաքական գործօն, որ Խորհրդային Միութիւնը կարող էր օգտագործել միջազգային իր յարաբերութիւններում:

«Իսկ նրանք, ովքեր հայոց պետականութեան զգացումները փորձում էին կապել Խորհրդային Հայաստանի հետ, որպէս հակասովետական գործունէութեան կրողներ, յայտնւում էին բանտերում եւ քաղաքական լուսանցքներում, այսինքն` նրանց կողմնակիցները չէին բազմապատկւում:

«Ահա այս, հայրենիքից դուրս հայրենիք, պետութիւն փնտռելու մտածողութեան պայմաններում է, որ ձեւաւորուեց Հայաստանի Երրորդ Հանրապետութիւնը, որն ինքն իրեն դիրքաւորեց ոչ թէ որպէս սեփական քաղաքացիների ազատութիւնը, անվտանգութիւնն ու բարեկեցութիւնն ապահովելու միջոց, այլ որդեգրեց տեսլական, որը լիարժէք եւ ամբողջութեամբ տեղաւորւում էր հայրենիքի փնտռտուքի խորհրդահայ բանաձեւի մէջ:

«Այստեղ է, որ յայտնուեցինք վերը նկարագրուած վիճակում, երբ այնքան էլ վստահ չենք ինչ տարածքի վրայ ենք ուզում պետութիւն կառուցել, ինչ դիրքով ենք ուզում կառուցել եւ ինչ չափերով: Եւ հայրենիքի փնտռտուքը վերահաստատուեց որպէս Երրորդ Հանրապետութեան առանցքային սոցիալ-հոգեբանութիւն:

«Երրորդ Հանրապետութեան խորքային պրոբլեմների (հարցերու) մի հսկայական մասը կապուած է հէնց սրա հետ:

«Չեմ կարող պարծենալ, թէ այս ըմբռնումն ունեցել եւ հայեցակարգային այս նրբութիւնները գիտակցել եմ միշտ կամ իմ վարչապետութեան ողջ ընթացքում: Այս օրակարգին համակարգուած ձեւով առնչուել եմ ՀՀ վարչապետի պաշտօնը ստանձնելուց յետոյ` խորութեամբ եւ գործնականում տեսնելով այն սպառնալիքները, որ կախուած են ոչ միայն Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան վրայ, այլեւ ընդհանրապէս մեր պետութեան գոյութեան վրայ:

«Եւ հետեւաբար, հայեցակարգային հարցը, որի լուծումը կենսական եմ համարել որպէս վարչապետ, հետեւեալն է` ինչպէ՞ս ենք պատրաստւում ապահովել Հայաստանի Հանրապետութեան յարատեւ ու բարեյաջող ապագան: Ահա այս հարցերի շուրջ ռազմավարական մտածումներն են ինձ յանգեցրել խաղաղութեան օրակարգին եւ իրական Հայաստանի տեսլականին, որոնք խորապէս կապուած են մէկը միւսի հետ:

«Եթէ մեր ռազմավարական տեսլականն իրական Հայաստանը չէ, առանց այն էլ դժուար խաղաղութիւնը հնարաւոր չի լինելու, որովհետեւ մեր միջավայրը մեզ համարելու է ռազմավարական սպառնալիք եւ հետեւաբար, ամէն ինչ անելու է մեր պետականութիւնը կամ ֆիզիքապէս ոչնչացնելու, կամ նրա զարգացումը թոյլ չտալու համար:

«Եւ երկրորդը, երբ մեր սահմանափակ ռեսուրսներն ու էներգիան (միջոցները եւ ներուժը) չենք ծախսում իրական Հայաստանի ռազմավարական կարիքների վրայ, չենք ունենում այն արդիւնքները, որ կարող էինք ունենալ, եւ Հայաստանի զարգացումը, մեր երեխաների ապագան խոչընդոտւում է կրկնակի: Եւ խաղաղութիւնը, որ այնքան հարկաւոր է­ Հայաստանի Հանրապետութեանը, դառնում է առաւել անհասանելի:

«Այս պայմաններում էականօրէն վնասւում է մեր երկրի ինքնիշխանութիւնը, որովհետեւ երբ հայրենիքի մասին քո պատկերացումները ճշգրտօրէն չեն նոյնականանում քո երկրի միջազգայնօրէն լեգիտիմ (օրինական) սահմանների հետ, դու ստիպուած ես բացել ճանապարհն ուրիշների անհամաչափ ազդեցութիւնների համար, որովհետեւ քեզ թւում է, թէ այդպիսով ուժ եւ աջակցութիւն ես ստանում առաջ մղելու քո լեգիտիմ սահմանների հետ չհամընկնող օրակարգերը:

«Այսպիսով, ահա, կրկին յայտնւում ենք հայրենասիրութեան խորհրդահայ մոդելի (նախատիպ) մէջ: Հէնց այս մոդելն է, որ հայրենիք հասկացութիւնը տարանջատել է պետութիւն հասկացութիւնից` լուծելով գործնական խնդիրը, որ հայ ժողովուրդը հայկական ԽՍՀն, թէկուզ ոչ լիարժէք, բայց պետութիւնը հայրենիք չհամարի, որովհետեւ այդ պետութիւնը հայրենիք համարելու յաջորդ քայլը, անկախութեան գիտակցութեան խորացումն էր լինելու:

«Ի հեճուկս տարբեր գնահատականների, մեր կառավարութիւնը ոչ թէ տարանջատում, այլ փորձում է վերստին միաւորել, նոյնացնել հայրենիք եւ պետութիւն հասկացութիւնները, որովհետեւ դա է Հայաստանի Հանրապետութիւնը կայացնելու եւ հզօրացնելու միակ ճանապարհը, հակառակ դէպքում մենք առանց այն էլ սահմանափակ մեր ռեսուրսները ծախսելու ենք հայրենիքի փնտռտուքի վրայ` կասկածի տակ դնելով հայրենիք-պետութեան ապագան:

«Որպէս մէկը ձեզնից, որ հէնց ձեզնից մանդատ (լիազօրութիւն) է ստացել աշխատելու Հայաստանի ապագան ապահովելու բանաձեւերի վրայ, այս դարակազմիկ օրակարգի, այս թնճուկի շուրջ մտածումներով տարիներ եմ անցկացրել 44օրեայ պատերազմից առաջ ու դրանից յետոյ: Ու մտածումներս ինձ բերել են միանշանակ համոզման, ինչպէս ապագայի ու ապագայ սերունդների, այնպէս էլ այսօրուայ ու այսօր Հայաստանի Հանրապետութիւնում ապրող իրական մարդկանց նկատմամբ մեր պարտքը պահանջում է, որ ամէն ինչ անենք, որ սահմանազատուած սահմաններով, ինքնիշխան ու ժողովրդավար իրական Հայաստանը դառնայ ազգային եւ պետական գաղափարախօսութիւն ու հայեցակարգ:

«Եւ այն քննարկումները, որ տեղի են ունենում մեր երկրում, ինձ համար անակնկալ չեն, որովհետեւ ինքս անձամբ անցել եմ տառապալից այդ ճանապարհը, Պատմական Հայաստանի հոգեբանութիւնից դէպի իրական Հայաստանի հոգեբանութիւն, եւ այդ նոյն ճանապարհը հիմա անցնում ենք միասին:

«Մենք անցնում ենք այդ ճանապարհը, եւ այդ ճանապարհի վերջում մեր Աւետեաց երկիրն է, Հայաստանի Հանրապետութիւնը, այն տարբերութեամբ, որ մենք հիմա էլ այստեղ ենք, բայց շատ յաճախ չենք նկատում մեր Աւետեաց երկիրը, եւ այն չնկատելու բերումով ենք շարունակում Աւետեաց երկրի փնտռտուքը: Այսօր մեր երկիրը կատարեալ չէ, նաեւ այն պատճառով, որ Աւետեաց երկրում Աւետեաց երկրի մեր անվերջանալի փնտռտուքը մեզ թոյլ չի տալիս կոնկրէտանալ եւ ձեւակերպել այն հարցի պատասխանը, թէ որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետութիւն ենք ուզում կառուցել, եւ սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձեւակերպում սիւն առ սիւն:

«Ու մենք միասին պէտք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատուած, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժուար որոշումների, հիասթափութիւնների ու չհասկացուածութեան միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դէպի իրական Աւետեաց երկիր, իրական Հայաստան` Հայաստանի Հանրապետութիւն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մէկն ասում է, որ լաւագոյնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք` Հայաստանի Հանրապետութիւն, եւ հնարաւորութիւն է տալիս մեր իրականութեանը նայել բոլորովին այլ դիտանկիւնից: Եւ այդ, միայն այն դիտանկիւնից է, որ երեւում է ապագան եւ դէպի այդ ապագան գնալու երթուղին:

«Այդ ճանապարհն ամբողջութեամբ անցնելու երաշխիքը մէկն է. համաժողովրդական իմացութիւն եւ առաքելութեան համոզմունք քաղաքական առաջնորդութեան շրջանում:

«Մեր քաղաքական թիմը (խումբը) եւ ես ապրում ենք այդ առաքելութեամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձեւ, որը պիտի երաշխաւորի Հայաստանի Հանրապետութեան 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնօրէն ճանաչուած լեգիտիմ տարածքը եւ այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլեւ մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին ոգեւորել այդ տեսլականով ու բանաձեւով, որովհետեւ սա մի բանաձեւ է, մի շարժում է, որ մեզ տանում է դէպի իրական անկախութիւն եւ ինքնիշխանութիւն, տարածքային ամբողջականութիւն ու սահմանների անխախտելիութիւն: Սա բանաձեւ է, որ մեր տաղանդաւոր ժողովրդին, բոլորիդ ու իւրաքանչիւրիդ, հնարաւորութիւն է տալու կոնկրէտացնել եւ վայելել սեփական աշխատանքի արդիւնքը` ի դէմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի:

«Ինչպէ՞ս, քայլերի ի՞նչ յաջորդականութեամբ ենք հասնելու այս նպատակին, մանրամասն ներկայացրել եմ Մայիսի 7ի ասուլիսում, այլ ելոյթներում ու այս ձեւաչափով նոյնը կրկնելու կարիքը չեմ տեսնում:

«Այս ուղերձի առանցքային նպատակն է պարզաբանել, մեկնաբանել, թէ ինչ է տեղի ունենում մեր երկրում, մեր երկրի հետ, եւ թէ ինչո՞ւ է դա տեղի ունենում:

«Իրական Հայաստանի հաստատումն է տեղի ունենում մեր կեանքում եւ մեր գիտակցութեան մէջ: Դա բարդ, ցաւոտ գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք միասին ու պէտք է անցնենք: Դա անկախութեան եւ ինքնիշխանութեան շարժում է, որը մենք պէտք է հասցնենք իր հանգրուանին, եւ ես ու մեր քաղաքական թիմը սա համարում ենք մեր առաքելութիւնը: Մեր առաքելութիւնն է պետութիւնը, անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը դարձնել միջոց, որ ծառայում է քաղաքացուն եւ ոչ թէ քաղաքացուն ծառայեցնում է իրեն:

«Թէ՛ 2018, եւ թէ 2021 թուականին Հայաստանի Հանրապետութեան հպարտ քաղաքացիները մեզ տուել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետութեան ապագան, եւ այս մանդատը պէտք է իրացուի լիարժէք ու անմնացորդ:

«Փա՛ռք նահատակներին եւ կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութիւնը։ Եւ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում»: