Պաշտօնական Ատրպէյճանի կողմէ հնչող տարբեր յայտարարութիւններ իրենց մէջ կը պարունակեն նկրտումներ ՀՀ տարածքի նկատմամբ եւ այդ փաստացի կերպով ամրագրուած է նաեւ ամենաբարձր մակարդակ ունեցող «Շուշիի հռչակագրին» մէջ: Այս մասին ըսաւ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Աննա Գրիգորեանը:
Վերջինս նշեց, որ պէտք չէ զարմանալ, թէ Ատրպէյճանի կողմէ առաջ քաշուած 5 նախապայմանները կրնան ըլլալ «միջանցք»ի մասին, տեղին չէ, որովհետեւ կայ ամենաբարձր մակարդակով ստորագրուած «Շուշիի հռչակագիրը»:
«Այնտեղ ամրագրուած է, որ Ատրպէյճանը ցանկութիւն ունի վերցնելու ՀՀ ինքնիշխան տարածքը, որը Նախիջեւանը կապում է Ատրպէյճանին: Այստեղ զարմանալի ոչինչ չեմ տեսնում, բայց աւելի խնդրահարոյց եմ համարում այն կէտը, որտեղ խօսւում է տարածքային ամբողջականութեան ճանաչման մասին: Որքան էլ այս իշխանութիւնները պնդեն, որ տարիներ առաջ դեռեւս ճանաչել են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, այդուհանդերձ, հարց է առաջանում` ինչո՞ւ է Ատրպէյճանը հիմա նման բան պահանջում եւ պնդում, որ մենք նորից պէտք է ճանաչենք: Այստեղ ակնյայտ է մի բան, երբ դու զուգահեռ որեւէ գործընթաց չունես ինքնորոշման իրաւունքի հիման վրայ Արցախի կարգավիճակի ճանաչման առումով, ապա, այո, տարածքային ամբողջականութեան ճանաչումով նշանակում է Արցախը թողնել Ատրպէյճանի կազմում, սա ամենախնդրահարոյց կէտն է այդ հինգ առաջարկութիւնների մէջ», ըսաւ Գրիգորեանը:
Ըստ անոր` հայկական կողմը պէտք է երթայ բանակցութիւններու` ունենալով իր պատկերացումները: «Երբ Ատրպէյճանը խօսում է տարածքային ամբողջականութեան ճանաչման մասին, հայկական կողմն էլ պէտք է խօսի ազգերի ինքնորոշման իրաւունքի իրացման մասին: Սակայն, երբ Ատրպէյճանը խօսում է տարածքային ամբողջականութեան մասին, հայկական կողմը խօսում է բացառապէս Արցախում բնակուող հայերի իրաւունքների եւ ազատութիւնների մասին: Սրա մասին ցանկացածը կարող է խօսել, բայց Հայաստանը չի կարող առաջ չտանել ազգերի ինքնորոշման թեզը: Իհարկէ, կարճ անդրադարձ կար կարգավիճակի մասին, բայց այստեղ էլ մեծ խնդրահարոյց բան եմ տեսնում, բայց գործող իշխանութիւնը չի բացառում Արցախի ցանկացած կարգավիճակ Ատրպէյճջանի կազմում», ըսաւ Աննա Գրիգորեանը:
Անդրադառնալով սահմանային իրադարձութիւններուն վերաբերեալ ՊՆ պաշտօնական հաղորդագրութիւններին` Գրիգորեան զանոնք ոչ-արժանահաւատ համարեց:
«ՊՆ-ն ասում է, այն դիրքերը, որտեղ ատրպէյճանցիները հիմա են եկել, այդպէս չէ, նրանք աւելի շուտ են եկել, այսինքն ասում են` «ժողովուրդ ջան, մի՛ անհանգստացէք, նոր չի եղել, որոշ ժամանակ առաջ է եղելէ: Ինչպէս կարող է ՊՆ-ն նման յայտարարութիւն տարածել: Բա, եթէ եկել էին, ինչո՞ւ նրանց դուրս չեն շպրտել, սա առնուազն անգործութիւն է: Այս իշխանութիւնների օրօք տեղի է ունենում ատրպէյճանցիների շարունակական առաջխաղացում եւ մեր ինքնինշխան տարածքի բռնագրաւոմ», եզրափակեց Աննա Գրիգորեանը: