Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի զօրամասին մէջ տեղի ունեցած հրդեհի հետեւանքով զոհուած 15 զինծառայողներէն մէկը Լոռիի մարզի Վանաձոր քաղաքէն 20-ամեայ Արամ Մանուկեանն է։ Արամի ծառայութեան աւարտին մնացած էր մի քանի օր:
20-ամեայ տղային համաքաղաքացիները կը բնութագրեն որպէս համեստ, բարի, խելացի երիտասարդ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրոյցի ժամանակ համաքաղաքացիներէն մէկու խօսքով՝ Արամը կ'ուզէր ծառայութենէն ետք վերադառնալ եւ շարունակել ուսումը՝ ուսանած է Երեւանի Եւրոպական համալսարանը։ «Ունի մեծ քոյր։ Ապրում էր մայրիկի եւ քոյրիկի հետ»,-ըսած է ան:
Համացանցի մէջ նաեւ լայնօրէն սկսած են շրջանառել որոշ ժամանակ առաջ Արամի դիմատետրի էջին եղած գրառումը: Այն կը ներկայացնենք ստորեւ.
«Դե, հիմա հասկանո՞ւմ ես, որ «վաղը» այդպէս էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կէսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Հիմա հասկանո՞ւմ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պէս՝ ձայնը գլուխդ գցած...
Պէտք է ամէն օրդ լիարժէք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղուան։ Գրիր ու գրկիր նրան, ում յոյս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մէջ ու որսայ քաղցրութիւնը, ապրիր, լա՞ւ...
Պիտի վախենանք՝ յետոյ նո՞ր սիրենք իրար, հա՞։
Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարեւորի մասին, էլի ապրելու ենք այնպէս, կարծես թէ վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լոյսը դուրս կը բերենք ծալուած մասերից, մենք էլի կ'ապրենք...
երեւի...
Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրուայ ու վաղուայ փոխարէն։ Օգնենք իրար յաղթահարել հոգին աւերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին...»: