image

«Ձեր դատերուն գացէք, կամ թոշակի...». Փաշինեանի արձագանգը նախկին իշխանաւորներու իր հետ բանավիճելու առաջարկի մերժումին

«Ձեր դատերուն գացէք, կամ թոշակի...». Փաշինեանի արձագանգը նախկին իշխանաւորներու իր հետ բանավիճելու առաջարկի մերժումին

Նախկին նախագահները կ՚ըսեն, թէ ինծի հետ բանավիճելու բան չունին, բայց վեց տարի է կը բանավիճին իմ հետ, հեռակայ՝ «ապահով հեռաւորութենէ»: Այս մասին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը:

«Եթէ բանավիճելու բան չունէք, ուրեմն գնացէք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թէ ամէն ասածս ներկայացուցիչներով, ծանօթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրեայ ծանօթներով դրէք-վերցրէք: 

Իսկ եթէ դնում-վերցնում էք, եկէք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դէմ առ դէմ դնենք եւ ոչ թէ «դիւանագէտերէն» շուտասելուկներ արտադրէք, էն յոյսով ու հաւատով, որ միեւնոյնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- գրած է ան:

Նշենք, որ, աւելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարած էր, որ պատրաստ է նախկին նախագահներու հետ ուղիղ եթերի միջոցաւ բանավիճիլ Լեռնային Ղարաբաղի թեմայով:

«Լաւ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանգել են Լեռնային Ղարաբաղ բանակցային գործընթացին վերաբերուող իմ այսօրուայ գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնւում, կարծում եմ ճիշդ կը լինի` իրենք էլ չթաքնուեն: Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավէճի ֆորմատով  հիմնաւորել ասածներս: Սպասում եմ այսօրուայ գրառումս վիճարկող նախագահների արձագանգին», գրած է Փաշինեան:

Լեւոն Տէր-Պետրոսյանը, Ռոպերթ Քոչարեանը եւ Սերժ Սարգսեանը, սակայն, մերժած են անոր հետ բանավիճելու առաջարկը։ 

Ընդառաջելով  «Փաստինֆօ»ի խնդրանքին՝ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսեանի գրասենեակէն մեկնաբանած են Փաշինեանի կողմէ նախկին նախագահներուն ուղղուած բանավէճի հրաւէրը՝ նշելով. «Ակնյայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանաւանդ որ ինչպէս մինչեւ իշխանազաւթումը, այնպէս էլ դրանից յետոյ հազար անգամ հրապարակային, հանգամանօրէն ներկայացուել է ԼՂ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ամբողջ պատմութիւնը: Առաւել եւս, երբ Հայաստանի կառավարիչն ամէն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթէ նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թուականներին հինգ անգամ յայտարարել են բանակցային ձեւաչափի եւ այն սկզբունքների մասին, որոնց հիման վրայ պէտք է լուծուեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մէկ-մէկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպէս 2016 թուականի, այնպէս էլ յետ-պատերազմեան խոստովանութիւնները»:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գրասենեակի ղեկավար Բագրատ Միկոյեան եւս պատասխանած է Փաշինեանի հրաւէրին՝ ըսելով.

«Նախագահ Քոչարեանը վաղուց չի կարդում վարչապետի ֆէյսբուքեան մարազմատիկ  գրառումները։ Ես ստիպուած եմ ծանօթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, եւ դա եղել է իմ արձագանգը։ Բանավէճի համար վիճելի թեմայի առկայութիւն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի եւ Հայաստանի սուվերեն տարածքների յանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնյայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ 2018-2024 թուականներին Հայաստանում մէկ մարդ է ունեցել ամբողջական իշխանութիւն, եւ այդ մէկ մարդն է կրում բոլոր իրադարձութիւնների ամբողջական պատասխանատուութիւնը։ Մէկ մարդ է յայտարարել, որ բանակցում է իր սեփական կէտից, ինչ որ պէտք է՝ այն էլ բանակցում է, եւ այդ մէկ մարդը գործող վարչապետն է։ «Տիկտոկ»եան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, ի հարկէ, չի քննարկի։ Հազարաւոր ոստիկանների եւ թիկնապահների ետեւում թաքնուած գոյատեւողի՝ թաքնուելու ակնարկի մասին կը ցանկանայի լռել, դրա մասին աւելի խօսուն կը պատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։

«Ֆէյսպուք»ի իր էջին վրայ, անդրադառնալով Փաշինեանին՝ նախկին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի խօսնակ Արման Մուսինեան գրած է հետեւեալը. «Մեր պետութեան ու հասարակութեան համար չափազանց օգտակար կը լինի, որ Նիկոլ Փաշինեանը նախեւառաջ բանավիճի Նիկոլ Փաշինեանի հետ: Արդիւնքում, վստահ եմ՝ բանավէճի երկու կողմն էլ արդարացիօրէն կը հիմնաւորի դիմացինի ստախօս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինեան vs Նիկոլ Փաշինեան բանավէճը չափազանց օգտակար կը լինի ոչ միայն Ղարաբաղեան հարցի շուրջ, այլեւ հասարակութեանը յուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրութիւն, ԲՈՒՀերի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական-քաղաքական պաշտօնեաների կողմից իրականացուող հովանաւորչութիւն եւ տարատեսակ տենդերների միջոցով պետական բիւջէի մսխում, պադավատապետութիւն, դատական համակարգի անկախութեան ոչնչացում եւ SMS-ով դատական բարձրագոյն պաշտօնեաների ազատում, քաղաքական հակառակորդների դէմ իրաւապահ մարմիններին որպէս մահակ գործածում եւ այլն: Արդիւնքը կրկին նոյնն է լինելու»։