Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Երեւանի Կարէն Տեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրին մէջ ներկայ գտնուած է Հայաստանի Հանրապետութեան բանակի կազմաւորման 32-րդ տարեդարձին նուիրուած տօնական միջոցառման:
Միջոցառման ներկայ եղած են նաեւ Հանրապետութեան նախագահ Վահագն Խաչատուրեանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնեանը, օրէնսդիր, գործադիր, դատական իշխանութեան ներկայացուցիչներ, ՀՀ բարձրագոյն սպայակազմը, ՀՀ-ի մէջ հաւատարմագրուած դեսպաններ:
Միջոցառման սկիզբը նախ հնչած է ՀՀ պետական օրհներգը, այնուհետեւ ներկաները մէկ վայրկեան լռութեամբ յարգանքի տուրք մատուցած են յանուն հայրենիքի կեանքը նուիրաբերած հայորդիներու յիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդէս եկած է ուղերձով, որուն մէջ նաեւ նշած է.
«Ռազմավարական առումով մենք ընթանում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանութեամբ, եւ այս իմաստով «Պաշտպան հայրենեաց» ծրագիրը վերջին տարիների մեր ամենամեծ յաջողութիւնն է, որը հենց այսօր պրոֆեսիոնալ բանակի հիմքն ու անկիւնաքարն է դառնում: Սա մի համակարգ է, որ ժամկէտային զինծառայողներին հնարաւորութիւն է տալիս դառնալ առնուազն 5 տարուայ պայմանագրային զինծառայող, կամաւոր ատեստաւորման արդիւնքում ստանալ 450 հազար, երբեմն 500 հազար դրամ եւ աւելի դրամ ամսական աշխատավարձ, ծառայել սեփական բնակավայրին մօտակայ զօրամասում եւ ծառայութեան ընթացքում ապրել տանը`որպէս պրոֆեսիոնալ, իսկ հնգամեայ ժամկէտի աւարտին միանուագ ստանալ 5 միլիոն դրամ, անկախ նրանից` կը ցանկանա՞յ եւս 5 տարով երկարացնել պայմանագրի ժամկէտը, թէ`ոչ:
Բայց նաեւ այս ֆոնին անհրաժեշտ եմ համարում ընդգծել`բանակը պէտք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ: Որովհետեւ, երբ փորձում ես հասկանալ, թէ ի՞նչ է թաքնուած այդ կենացների խորքում, առերեսւում ես դառը իրականութեանն առ այն, որ զօրակոչի ենթակայ տարիքային խմբի կէսից քիչն է զօրակոչւում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զօրակոչը Հայաստանի Հանրապետութիւնում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմեանց հետ դաշնակցում են բժշկական հանրութեան, զինուորականութեան եւ հանրութեան ներկայացուցիչներ: Եթէ այսպէս է, իսկ նման հաւանականութիւն կայ, սա պետութիւնը քայքայող դաշինք է ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետութեան գոյութեան իրաւունքը: Այստեղ, ի հարկէ, իրաւապահ համակարգի արդիւնաւէտութեան հարցն է շատ սուր կանգնում, միւս կողմից մենք պէտք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողնենք կամ նուազագոյնի հասցնենք չարաշահումների հնարաւորութիւնը»,- ըսած է Փաշինեան։