image

Ատրպէյճանին կոչ կ'ընենք զօրքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ի մէջ ԱՄՆ դեսպանատուն

Ատրպէյճանին կոչ կ'ընենք զօրքերը վերադարձնելու իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ի մէջ ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ի մէջ ԱՄՆ դեսպանատունը պատասխանած է Ատրպէյճանի վերջին յարձակման վերաբերեալ «Լուրերու» հարցերուն:

«Ինչպէ՞ս էք գնահատում Ատրպէյճանի գործողութիւնները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ի մէջ ԱՄՆ դեսպանատունը նշած է. «Հակամարտութիւնը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցաւում ենք մարդկային կորուստների համար, այդ թուում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիւ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ատրպէյճանի եւ Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրաւուածութիւնն օգնեց կողմերին հաստատել հրադադար, եւ մենք շարունակում ենք մնալ ներգրաւուած եւ խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տեւական խաղաղութեան հասնելու համար»։

«Լուրերը» հետաքրքրուած է, թէ ԱՄՆ դիւանագիտական առաքելութիւնն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքին մէջ ապօրինի կերպով գտնուող Ատրպէյճանի զինուած ուժերու վերաբերեալ: «Համարո՞ւմ էք արդեօք դրանց դուրսբերումը Հայաստանի միջազգայնօրէն ճանաչուած տարածքից հրատապ անհրաժեշտութիւն» հարցին ԱՄՆ դեսպանատունը նշած է. «Մենք Ատրպէյճանին կոչ ենք անում զօրքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր։ Մենք յորդորում մենք վերջ տալ ռազմական գործողութիւններին ու առանց զինուած ուժերի ներգրաւման աշխատել հասնել Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ բոլոր չկարգաւորուած հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցութիւնների շարունակմամբ։ Միացեալ Նահանգները պատրաստ է ամէն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։

«Ի՞նչ դիրքորոշում ունէք Ատրպէյճանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի եւ ենթակառուցուածքների թիրախաւորման վերաբերեալ, որոնց հետեւանքով կան նաեւ զոհեր» հարցին դեսպանատունէն արձագանգած են. «Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցուածքներին պատճառուած վնասը, եւ տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրաւորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապէս անհանգստացնում են եւ ընդգծում հետագայ մարտական գործողութիւնները կանխելու անհրաժեշտութիւնը եւ դիւանագիտական ներգրաւուածութեան կարեւորութիւնը»։

Ատրպէյճանի կողմէ Հայաստանի ինքնիշխան տարածքին մէջ հայ զինծառայողներ գերեվարուած են, տարածուած են անոնց նկատմամբ խոշտանգումներու մասին հաղորդումներ, ինչպէս նաեւ անոնք դեռ չեն վերադարձուած հայկական կողմին: «Ի՞նչ դիրքորոշում ունէք այդ հարցերում» հարցին ԱՄՆ դիւանագիտական ներկայացուցչութիւնն արձագանգած է. «Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման եւ խոշտանգումների մասին։ Անցեալ շաբաթուայ հարձակումներում գերեվարվածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաեւ այլ գերիների վերադարձը կարեւոր քայլ է տեւական խաղաղութեան հասնելու ճանապարհին։ Միացեալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսեւորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում եւ կառավարութիւններին աներկբայ կոչ է անում հետամուտ լինել իրենց միջազգային պարտաւորութիւններին եւ վերջ դնել այս յանցանքների հետ կապուած անպատժելիութեանը»։