Ռուբէն Վարդանեանի նկատմամբ Ատրպէյճանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թէեւ՝ ոչ անսպասելի։ Այս մասին ըսուած է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի ընտանիքին յայտարարութեան մէջ։
Պաքուի ռազմական դատարանը փետրուար 17-ին Ռուբէն Վարդանեանը դատապարտած է 20 տարուան ազատազրկման։
«Դեռեւս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալութիւնից սկսած, ակնյայտ էր, որ այս գործընթացի արդիւնքը կանխորոշուած էր։ Այս ընթացքում նրա դէմ առաջադրուած մեղադրանքներից եւ ոչ մէկը հիմնաւորող որեւէ ապացոյց այդպէս էլ չի ներկայացուել։
Ռուբէնը զրկուած է եղել արդար դատաքննութեան հիմնարար երաշխիքներից, այդ թւում՝ իրաւական պաշտպանութեան, միջազգային փաստաբանի հետ կապուելու հնարաւորութիւնից, դատավարութեանն անկախ լրատուամիջոցների մասնակցութիւնից: Լսումներն անցկացուել են փակ դռների յետեւում եւ այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրաւունքով եւ, նոյնիսկ ադրբեջանական օրէնքներով, արդար դատաքննութեան չափանիշների հետ։
Չնայած Ռուբէնի՝ որպէս հումանիստի, բարեգործի եւ սոցիալական ձեռներեցի հեղինակութիւնը վարկաբեկելու փորձերին, կառավարութիւնների, քաղաքացիական հասարակութեան առաջնորդների եւ միջազգային մասնագէտների աջակցութիւնն ուժ եւ յոյս են հաղորդում մեր ընտանիքին։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբէնին կամ նրա հետ առնչութիւն են ունեցել, հասկանում են նրա դէմ առաջադրուած մեղադրանքների անհեթեթութիւնն ու անհիմն լինելը։
Սա պարզապէս Ռուբէն Վարդանեանի եւ միւս հայ բանտարկեալների դատավարութիւն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դէմ՝ որպէս ամբողջութիւն։Մենք շարունակելու ենք նրա եւ միւս հայ բանտարկեալների ազատ արձակմանն ուղղուած մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրաւունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատութիւնն ապահովելու եւ իրաւունքները պաշտպանելու համար»,-ըսուած է Վարդանեանի ընտանիքի յայտարարութեան մէջ։