image

Ատրպէյճանական գերութենէն վերադարձած Վիգէն Էուլճէքեանը սրտի խնդիրներ ունի

Ատրպէյճանական գերութենէն վերադարձած Վիգէն Էուլճէքեանը  սրտի խնդիրներ ունի

Ադրբեջանական գերությունից ազատ արձակված Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել է, մարտի 30-ին նրան սրտի կատետերիզացիա կանեն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

Նրա խոսքով՝ Վիգենը լուրջ առողջական խնդիրներ ունի՝ բարձր ճնշում, սրտի հիվանդություն և ոսկրային ցավեր։

«Միջամտությունից հետո նախատեսվում է նրան հիվանդանոց տեղափոխել՝ ոսկրային խնդիրները բուժելու համար։ Նա դժվարությամբ է տեղաշարժվում, քայլում է հենակների օգնությամբ։ Կալցիումի կուտակումները սաստիկ ցավեր են պատճառում»,-ասել է Լինդան։

Երբ նրան նոր էին ազատել գերությունից, նկատվում էր միայն զարկերակային ճնշման բարձրացում և ընդհանուր վիճակն այդքան ծանր չէր թվում։ Սակայն վերջին շրջանում նրա վիճակը կտրուկ վատացել է։

Ինչպես պարզաբանել են բժիշկները, ի սկզբանե թաքնված ախտանիշները կարող են ի հայտ գալ ուժեղ սթրեսից հետո։

Պատասխանելով գերության մեջ անցկացրած օրերի մասին հարցին՝ Լինդան նշեց, որ առանց ցավի դա անհնար է նկարագրել։

«Այն, ինչի միջով նա անցել է, ցանկացած մարդու կարող է դեպրեսիայի մեջ գցել՝ ֆիզիկական, էմոցիոնալ և հոգեբանական խոշտանգումներ: Սիրտ կոտրող բան է։ Չնայած այս ամենին՝ նա պինդ է մնում, ժպտում է, փորձում է ուժեղ լինել, հենարան լինել մեզ համար»,-ասաց Լինդան։

Նա հավելեց, որ ընտանիքը նույնպես փորձում է սատարել Վիգենին՝ թաքցնելով սեփական ցավը։ Մոտ ժամանակներս Վիգենին կայցելի նրա դուստրը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2026 թվականի հունվարի 14-ին Հայաստանին է փոխանցել չորս հայ գերիների, այդ թվում՝ Վիգեն Էուլջեքչյանին։ Վիգենը լիբանանահայ է, նա գերեվարվել էր Շուշիում 2020 թվականի նոյեմբերին և Բաքվում դատապարտվել 20 տարվա ազատազրկման։